«Ես շատ եմ գնահատում ազատությունը, կինն իր ներսում պետք է լինի ազատ»

«Ոչ ոք չի կարող կնոջը խանգարել պայքարելու երկրի ավելի լավ ապագայի համար, ու ցանկացած մարդու, ով պայքարում է, մենք ողջունում ենք» ,- WomenNet.am-ի  հետ զրույցն այսպես  սկսեց «Հայ  կանանց  ճակատ» նախաձեռնության  հիմնադիր Սյուզան Սիմոնյանը, պատմելով,  թե ինչպես հայրենիքի համար օրհասական  օրերին հետաձգեցին  իրենց  կողմից նախօրոք  հայտարարված ապրիլի 7-ի` «Ընդդեմ ոստիկանական  բռնությունների»  խորագրով երթը  եւ  այդ օրվանից զբաղվում են  հայոց  բանակի զինվորներին  և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու  խնդրով;   

 

– Մենք  կոչ ենք անում  նաև հայրենիքում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին օժանդակել այս ծրագրին, իսկ կանանց հորդորում ենք միանալ  նախաձեռնության այդ  աշխատանքներին: Մեր զինվորներին առաջին հերթին անհրաժեշտ են գուլպաներ, ներքնաշորեր, հիգիենիկ պարագաներ (օճառ, շամպուն, սափրվելու պարագաներ և այլն), ծխախոտ, չոր մթերք, քաղցրավենիք և այլն, ինչպես նաև՝ ոչ ալկոհոլային խմիչք: Ապրիլի 7-ից սկսած ամեն  օր ժամը  12:00- 20:00 Ազատության  հրապարակում հավաքվում են առաջին անհրաժեշտության իրեր ու  սննդամթերք: Իրականացվում է  նաև դրամահավաք «Հայկակական վերածունդ»  կազմակերպության միջոցով, որի համար բացվել է բանկային  հաշվեհամար,- պատմում է Սյուզանը:

 

«Հայ  կանանց  ճակատ»  նախաձեռնության  կոչին արձագանքել են  բազմաթիվ  քաղաքացիներ, անգամ ԱՄՆ-ից տարեցների խնամող գյումրեցի երկու կին 100 և 150-ական  ամերիկյան  դոլար են ուղարկել նախաձեռնության հասցեով: «Հայ  կանանց  ճակատի»  շարքերում  կան  նաև ազատամարտիկ  կանայք: Նրանցից է Սուսաննա Մարգարյանը, ով  այս  պահին թեև սահմանը պահող  զինվորների կողքին է, սակայն  չի  մոռանում  իր «թիկունքը»  պահող նախաձեռնության անդամներին ու հնարավորության դեպքում համացանցի  միջոցով տեղեկացնում  իր և մեր հերոս զինվորների մասին: Ազատամարտիկ է  նաև Աղավնի Սահակյանը, ով  Ազատության  հրապարակում մյուս  կանանց  հետ միասին  կազմակերպում է   հանգանակություն: Այս  կանայք  գիտակցում են, որ  հայրենիքի պաշտպանությունը միայն տղամարդուն չի վստահված, որ  հայուհու քաջ ու անձնազոհ տեսակը մարտի դաշտում էլ հետ չի մնում  տղամարդուց:

 

«Հայ  կանանց  ճակատի»  անդամներն առաջին անգամ չէ որ իրենց վրա են սևեռում  հանրության  ուշադրությունը: 2013-ի  աշնանը Կոմիտաս 5 հասցեում  իրականացվող  շինարարության  դեմ պայքարող  կանանց ու աղջիկների դեմ ոստիկանների կողմից  կիրառվող  բռնությունները շարժառիթ  հանդիսացան «Հայ  կանանց  ճակատի»  ստեղծման  համար:  Կարևորելով  իրենց դերը  քաղաքացիական  դաշտում եւ համախմբվելով  արդարության  վերականգնման ու օրենքի գերակայության նպատակի շուրջ կանայք նաեւ կազմակերպեցին  նաեւ Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի ձերբակալման դեմ ուղղված մի շարք  ակցիաներ:   Սյուզան Սիմոնյանի համոզմամբ կին առաջնորդը սխալվելու իրավունք  չունի, քանի որ նրա սխալները շուտ են աչքի ընկնում, ուստի նա  ճակատի յուրաքանչյուր քայլ, երթ  կամ  բողոքի ակցիա կազմակերպելիս  հաշվի է առնում հետևանքերի բոլոր տարբերակները:  Ու թեև իրենց ակցիաների ընթացքում  բազմիցս են  ենթարկվել բռնության ու ծեծի, այնուհանդերձ անդրդվելի են իրենց  գաղափարներում: Սյուզան Սիմոնյանի կարծիքով   հայ  կինը շատ է  փոխվել, նա  իրեն  տեսնում է  նաև կենցաղից  դուրս, քանզի  հասունացել է  քաղաքականապես:

– Ես շատ եմ  գնահատում ազատությունը,  կինն իր ներսում  պետք է լինի ազատ: Այդպիսին եմ ուզում  տեսնել հայ կնոջը, այլ ոչ թե  հանդուժի  բռնությունը,  ծեծն ու խարազանը,  համակերպվի ամուսնու բիրտ ու կոպիտ վերաբերմունքի հետ: Կան կանայք, ովքեր համակերպվում են ամուսնու դավաճանության  հետ, «հանուն երեխաների» պատրվակով և իրենց թվացյալ  բարեկեցությունը  չկորցնելու համար  հանդուրժում են ամեն  տեսակ  ստորացում: Ես դա  չեմ  հասկանում: Սակայն  միաժամանակ ունենք  հիացմունքի արժանի կանայք, ովքեր կանացի արժանապատվությունը գերադասում են ստրկական  կյանքից: Այդպիսիք  նաև  հայրենասեր են,  վկան, այս օրերին  սոցցանցերում նրանց  շուրթերից  հնչող հայրենասիրության և  տոկունության  կոչերը, այդպիսիք հիանալի օրինակ են իրենց զավակների համար,- զրույցն եզրափակելով  ասաց Սյուզան Սիմոնյանը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2767

Գլխավոր էջ