«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»
Խանում Գրիգորյանը ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի հիմնադիրներից է, Վարդենիսից այստեղ է ամուսնու հետ տեղափոխվել 1999 թվականին, երբ դեռեւս բնակչություն եւ տներ չկային:
«Էդ ժամանակ ստեղ 3 շինարարական ջոկատներ էին աշխատում, 6 ամիս ես միակ կինն եմ եղել, 60 հոգու սնունդը ամեն օր ես էի սարքում, առաջին օրերին ցելոֆանի տակ էինք մնում»,- հիշում է տիկին Խանումը: Արմատներով ղարաբաղցի կինը գյուղում կառուցած իրենց տանը համայնքապետարան է հիմնել, գյուղի բնակիչների փաստաթղթերն է հավաքել, զբաղվել է գյուղում վերաբնակեցվողների խնդիրներով: «Շուտով 10 ընտանիքներ եկան, մենք էլ որոշեցինք դպրոց ունենանք, տներից մեկը հատկացրինք որպես դպրոցի շենք, մասնագետներ չունեինք, ով ինչ կրթություն ուներ, էդ էլ դասավանդում էր դպրոցում: Բուժկետ չունեինք, ես էի գյուղի բժիշկը, ով ինչ խնդիր ունենում էր, վազում էի, ծննդատուն չունեինք, ես էի ծնունդներն ընդունում»,- պատմում է 53-ամյա Խանում Գրիգորյանը:
Դժվարություններ շատ են եղել, սակայն նույնիսկ էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման բացակայությունը չի կոտրել գյուղացիներին, տիկին Խանումն էլ փորձել է ամեն կերպ աջակցել նրանց: «Հեռուստացույց ու վիդեո էինք առել, մարտկոցներով միացնում էինք, մարդիկ հավաքվում էին իրիկունը, հնդկական կինո էին նայում մեր տանը: Գյուղում առաջին հարսանիքը իմ աղջկա հարսանիքն ա եղել, ավտոմեքենայից էին հոսանք քաշել, հարսանիք արել: Առաջին երեխան որ ծնվել ա, իմ թոռնիկն ա եղել: Մինչեւ 3 տարեկան էրեխեն լույս չի տեսել, երբ լույս քաշեցին գյուղում, մի աննկարագրելի ցնծություն էր»,- հիշում է տիկին Խանումը:
2004 թվականին համայնքում առաջին օրինական ընտրություններն են անցկացվել, որի ժամանակ համայնքի ղեկավար է ընտրվել Խանում Գրիգորյանը, ավելի ճիշտ, դե ֆակտո զբաղեցրած պաշտոնը դարձել է դե յուրե, ընդ որում` նրա մրցակիցը եւս կին է եղել: «Մեր գյուղում կանանց իշխանություն է, կանայք ավելի ակտիվ են, ավելի պատվախնդիր»,- ասում է Խանում Գրիգորյանը: Համայնքապետի պաշտոնում աշխատելու ընթացքում տիկին Խանումին հաջողվել է հովանավորներ գտնել համայնքում դպրոցի եւ մանկապարտեզի շենք կառուցելու համար: «2005 թվականին արդեն 27 երեխա էր ծնվել գյուղում, ես ամեն հարցով գյուղացիների կողքին էի, անգամ ծննդյան վկայական կամ անձնագիր ստանալիս, չէի թողնում իրանք դժվարություններ քաշեն, ես էի գնում-ստանում, բերում էի իրանց տան մեջ անձնագրերը տալիս էի»,- պատմում է նախկին գյուղապետը:
Խանում Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատել է մինչեւ 2009 թվականը, հաջորդ ընտրություններին չի մասնակցել, գյուղում կրկին կին ղեկավար է ընտրվել: Ներկայումս Եղեգնուտում համայնքի ղեկավարը տղամարդ է: «Երիտասարդ տղամարդ դրեց իր թեկնածությունը, մենք էլ ուզեցինք, որ էս անգամ էլ տղամարդ լինի, իսկ ես աշխատանքի անցա մեր տարածքի զորամասում` որպես բանվոր-ծառայող»:
Խանում Գրիգորյանը նշում է, որ ներկայիս աշխատանքը շատ է սիրում, քանի որ ամեն օր զինվորների կողքին է: «Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ այսօր զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ, ամեն ինչով օգնում եմ»,- ասում է Խանում Գրիգորյանը: Նա հաճախ է ելույթ ունենում զորամասում անցկացվող հանդիսավոր արարողություններին, զինվորների համար ասմունքում է իր իսկ գրած բանաստեղծությունները. «Ես գիշերն եմ գրում, մինչեւ 4-ը չեմ քնում, ժամերով գրում եմ տարբեր բաներ»: Ազատ ժամանակ Խանում Գրիգորյանը նաեւ նկարում է, իրեն ոչ նկարիչ ոչ էլ գրող չի համարում, ասում է, որ պարզապես թղթի կամ կտավի վրա արտահայտում է այն, ինչ զգում է: «Ես երբեք ճնշում չեմ զգացել որպես կին, միշտ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել, միշտ ակտիվ եմ եղել ու միշտ փորձել եմ օգտակար լինել մարդկանց»,- եզրափակում է Խանում Գրիգորյանը:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է
Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ
«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…
Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Դիտումների քանակը` 5256