«Ես եկել եմ Հայաստան որպես քույր, ցավի քույր»…

Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած կնոջ ելույթը հուզեց բոլորին 

Այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում հուզիչ ելույթ ունեցավ Ռուանդայի թութսի ցեղախմբին պատկանող Էսթեր Մուջավայոն, ով հրաշքով ողջ է մնացել, վերապրելով ցեղասպանության ծանր կորուստները,  երբ կորցրեց ամուսնուն, ծնողներին, քրոջը, մորաքրոջը, հորաքրոջը, սկեսրարին, սկեսրոջը:  Ընդամենը երեք ամսում սպանվեցին մեկ մլն-ից ավելի թութսի ցեղախմբի մարդիկ… 

 

«Ես եկել եմ Հայաստան որպես քույր, ցավի քույր»,- ասաց  Ռուանդայի ցեղասպանության վերապրողը՝  դիմելով մեկ դար առաջ Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին: Նա հայտնեց, որ իր հարազատներին սպանել են  միայն թութսի լինելու համար՝ ընդ որում շատ դեպքերում սպանում էին երեխաներին, իսկ մայրերին ողջ թողնում, ասելով՝ «տանջվեք առանց երեխաների»:

 

Երիտասարդ աղջիկներին ստորացնում էին՝  մերկացնելով ու բռնաբարելով նրանց, դրա հետևանքով բռնաբարված աղջիկների մոտ 70 տոկոսը վարակվել էին ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ով:

 

Նա  նշեց, որ իրենց ցեղասպանության ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնտեղ էր և զեկուցել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա ցեղասպանություն կլինի, բայց  ոչ ոք ոչ մի բան չարեց` դա կանխարգելելու համար: «Որովհետև քաղաքական կամք գոյություն չուներ, ու դու զգում ես, որ դու արժեք չունես, չունես այն արժեքը, որը ունի մեկ այլ ազգի մարդ: Երեք ամսում սպանեցին մեկ միլիոն թութսիների: Ու դու զգում ես, որ դատարկ ես, մենակ ես, ոչ մեկին չունես ու դու պետք է ապրես մահացած հարազատներիդ հիշողությամբ, թե ինչպես են նրանք սպանվել»,- ասաց Էսթեր Մուջավայոն արցունքներն աչքերին:

 

Այնուհետև նա պատմեց, թե ինչու է ամբիոնին մոտեցել երկար կտորով փաթաթված, որովհետև իրենց ցեղի կանանց մերկացրել են, բռնաբարել ու, մերկ թողնելով, սպանել: Ու այդ պահերին ամեն մեկը երազում էր, որ իր դուստրը, մայրը կամ տատիկը մերկ չլինի: Դրանից հետո է, որ ազգային երկշերտ տարազը դարձել է յուրօրինակ խորհրդանիշ՝ դրա օգնությամբ կարելի է ևս մեկ հոգու մերկությունը ծածկել:

 

«Ցեղասպանության ժամանակ իմ մորը, տատիկներին մերկացրել են, և ես այսօր որոշեցի ներկայանալ մեր ազգային տարազով, որը խորհրդանիշ ունի: Այն երկու կտորից է բաղկացած, և եթե փողոցում տեսնում ես մերկ ինչ-որ մեկին, երկրորդ կտորը կարող ես հանել»,- ասաց Մուջավայոն և իր խոսքը եզրափակեց իր տան նկարագրությամբ` նշելով, որ ցեղասպանությունից հետո, անգամ, իր տուն տանող ճանապարհներն, ինչպես նաև տունն են ավերվել, տուն, որն իր մեջ այնքան ջերմություն և հիշողություններ էր պարունակում:

 

Ներկայումս Էսթերն աշխատում է  փախստականների համար ստեղծված հոգեբանական կենտրոնում, բայց ասում է, որ  անհնար է  վերապրել այն ցավն ու անարդարության զգացումը, որ  իր հետ են մնալու ընդմիշտ:  Նրա ելույթից հետո երկարատև ծափողջույններ հնչեցին, ոմանք նույնիսկ հոտնկայս էին ծափահարում…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

 

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

 

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

 

Դառնալով մեկ ուրիշը …

 

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը


Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

Դիտումների քանակը` 4050

Գլխավոր էջ