«Եթե կանանց չվճարվող աշխատանքը ներառվեր պետությունների բյուջեում, այն կկազմեր 11 տրիլիոն ամերիկյան դոլար» – գիտաժողով
Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց երկօրյա միջազգային գիտաժողովը` «Գենդերային անհավասարությունը աշխատաշուկայում. հիմնախնդիրները և լուծումները լոկալ և գլոբալ համատեքստերում» խորագրով: Դա կենտրոնի առաջին միջազգային գիտաժողովն է, որի նպատակն է քննարկել գենդերային անհավասարության պատճառներն ու հետևանքները հայկական, ինչպես նաև առհասարակ համաշխարհային աշխատաշուկայում:
ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը կոնֆերանսի բացմանը նշեց, որ գենդերային անհավասարությունը և կանանց աղքատությունը համաշխարհային խնդիրներ են: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` միջինում կանայք աշխատում են տղամարդկանց աշխատավարձի 50%-ը: Վերջին տասնամյակում աղքատության մեջ ապրող կանանց թիվը տղամարդկանց քանակի համեմատ անհամաչափորեն աճել է, մասնավորապես, զարգացող երկրներում: Ավելին, ինչպես նշեց պրոռեկտորը, վերջին 20 տարիների ընթացքում բացարձակ աղքատութան մեջ ապրող գյուղի կանանց թիվը ավելացել է 50%-ով:
«Դրա հետ մեկտեղ կանանց տնային աշխատանքը դեռևս մնում է չգնահատված և չճանաչված: Եթե կանանց չվճարվող աշխատանքը ներառվեր պետությունների բյուջեում, այն կկազմեր 11 տրիլիոն ամերիկյան դոլար»,- նշեց Ա.Մալխասյանը:
Մարդկային զարգացման տեսանկյունից, ինչպես նկատեց բանախոսը, Հայաստանում ևս գենդերային անվասարությանը նպաստող հիմնական գործոններից մեկը կանանց և տղամարդկանց միջև տնտեսական հնարավորությունների շարունակվող անհամաչափությունն է:
«Կանայք դեռևս ներկայացված չեն իրենց համայնքների որոշումների կայացման մակարդակներում: Չնայած գենդերային հավասարությանը նպաստող ազգային փաստաթղթերի ընդունմանը, ինչպիսիք են օրինակ ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը, աշխատաշուկայում գենդերային անհավասարության բազմաթիվ դրսևորումները դեռևս շարունակում են կարևոր սոցիալական խնդիր մնալ:
«Խնդրի լուծումը բազմակողմանի մոտեցումներ և տարաբնույթ ռազմավարական ծրագրեր է պահանջում: Այս գործընթացում կաևորագույն դերերից մեկը կրթության համակարգին է վերապահված: Նմանատիպ կոնֆերանսների և քննարկումների կազմակերպման, հետազոտությունների իրականացման, ակադեմիական դասընթացների մշակման շնորհիվ, ԵՊՀ-ն փորձում է իր ներդրումը ունենալ մեր հասարակությունում և աշխատաշուկայում գենդերային արդարության ապահովման գործում»,- ընդգծեց Ա.Մալխասյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գենդերային հարցերով պատասխանատու Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը 1992 -ից ի վեր զբաղվում գենդերային հարցերով` նպատակ ունենալով մեղմել գենդերային անհավասարությունը: «Դա չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ պետք է նույնացվեն, ուղղակի կանանց և տղամարդկանց իրավունքներն ու հնարավորությունները չպետք է կախված լինեն նրանից, թե նրանք կին կամ տղամարդ են ծնվել: Երկրի զարգացման գործընթացներում երկուսի շահերն էլ պետք է հաշվի առնել, երկուսի ներուժն էլ պետք է գնահատվի»,- ասաց Ա.Հովհաննիսյանը, նշելով, որ հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականությունը բխում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պահանջներից և ՄԱԿ-ի հենց այդ փաստաթուղթն է, որ ամրագրում է կանանց ու տղամարդկանց հավասարությունը:
Ու թեպետ Հայաստանը միացել է Կոնվենցիային դեռևս 1993-ին գենդերային հավասարությունը մեզանում դեռևս հեռու է իրականություն դառնալուց: «Օրինակ` թեև կանայք կազմում են Հայաստանի բնակչության 52%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների թվում կանայք կեսից ավելին են, սակայն նրանք հաճախ հնարավորություն չունեն իրենց ունակությունները դրսևորել բիզնեսի, ձեռներեցության, կառավարման ոլորտներում: Դրանք ոչ միայն տնտեսական մարտահրավերներ են ՝ կապված զարգացման գործընթացների հետ, այլ գենդերային բնույթի մարտահրավերներ», – ընդգծեց Արմինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով կանանց զբաղվածության խնդիրներին նա նկատեց, որ վիճակագրության համաձայն` կանայք երեք անգամ ավելի շատ են աշխատում ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտում: «Շատ ժամանակ ինքնազբաղվածությունն է նրանց հնարավորություն տալիս որոշակի ճկունություն ձեռք բերել գենդերային կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ»,- նշեց Ա.Հովհաննիսյանը:
Արիզոնայի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Աղաջանյանը անդրադառնալով գիտաժողովի հիմնական թեմային , նշեց, որ գենդերային հարցերը չպետք է լուծվեն միայն կանանց կողմից, դրանց լուծմանը անմիջական մասնակցություն պետք է ունենան նաև տղամարդիկ: Ի դեպ, խնդիրների փոխկապկցվածության հարցը նաև իր զեկուցման թեմայում էր արտացոլվել,որի անվանումն էր. « Տղամարդկանց միգրացիայի ազդեցությունը կանանց զբաղվածության վրա» :
Աղաջանյանը նշեց նաև, որ Արիզոնայի պետական համալսարանը համագործակցում է Երևանի պետական համալսարանի հետ` խթանելու գեդերային հավասարության և կանանց առաջնորդության խնդիրները: «Մենք հավատում ենք, որ այդ փոփոխությունը պետք է ի հայտ գա լուրջ հետազոտությունների հիման վրա»,- նշեց նա:
Ըստ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանի` Հայաստանի աշխատաշուկայում ունենք յուրահատուկ դրսևորումներ: Օրինակ` Հայաստանում կանայք ավելի քան 85 տոկոսով են ներգրավված կրթական և առողջապահության ոլորտներում, որոնք դեռ մնում են ցածր վարձատրվող ոլորտներ և հիմնականում կանայք մնում են այդ ոլորտների ներսում: «Մինչդեռ ձեռներցության մեջ կանայք ավելի քիչ են ներգրավված: Այդ առումով մենք տեսնում ենք խնդիր և որպես կրթական ու գիտական կենտրոն կփորձենք մեր աջակցությունն ունենալ այդ հարցերում»,- ասաց Գ.Շահնազարյանը:
ԵՊՀ-ի Կիրառական սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Սեդրակ Աստվածատուրովը ներկայացնելով «Գենդերային ռիսկերը զբաղվածության ոլորտում» զեկույցը, նշեց, որ իրականում գենդերային ռիսկերը և դրանց հետ կապված գործընթացները Հայաստանում դեռևս չեն ուսումնասիրվել: Տվյալ խնդրին վերաբերող հետազոտությունները հիմնականում ներկայացնում են սոցիալական իրավիճակով պայամանավորված ռիսկերը կամ բացահայտում գենդերային անհավասարության դրսևորումները օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում վերլուծության կամ քննադատության միջոցով: «Այս հանգամանքը մեծամասամբ կարելի է բացատրել գենդերային ռիսկերի հայեցակարգի թույլ մշակվածությամբ, ու թեպետ արտերկրյա ուսումնասիրություններում նկատվում է գենդերային ռիսկերի բնութագրումը` կապված ավանդական հասարակություններում հավասարակշռության խախտման հետևանքների հետ, սակայն դա դեռևս թույլ չի տալիս հասկանալ գենդերային ռիսկերի պատճառները և դրսևորման կոնկրետ ձևերը»,- նշեց Սեդրակ Աստվածատուրովը:
Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանի կարծիքով` հայաստանյան աշխատաշուկայում կանանց դերակատարումը փոքր է այն պատճառով, որ շատ դեպքերում նրանց տեղը համարվում է խոհանոցը:
Նրա խոսքերով՝ կանանց գործազրկության պատճառը պահպանողական արժեհամակարգն է, երբ հայտարարվում է, որ կինը չի կարող առաջնորդ լինել: Դրա անմիջական հետեւանքն է՝ կանանց ոչ բավարար ներկայացվածությունը որոշումների ընդունման մակարդակում՝ մեզանում չկան մարզպետ և քաղաքապետ կանայք, իսկ որպես գյուղապետ աշխատում է նրանց 2 տոկոսը միայն:
Անդրադառնալով աշխատաշուկայում նկատվող անհավասարությանը նա նշեց, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը Հայաստանում հասնում է մինչև 40%, գործազրկության մակարդակը հատկապես բարձր է կանանց շրջանում:
Չեխիայի Գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Սոցիոլոգիայի ինստիտուտի գենդերի և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Ալյոնա Կրիժկովան կոնֆերանսի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գենդերային անհավասարության պատճառով Չեխիայում կանանց գործազրկության մակարդակն ամենամեծը եղել է 1989 թվականին: «Տնտեսության անցումային փուլում չեխ կանայք աշխատում էին հատկապես հանրային ծառայությունների և առողջապահական բնագավառներում, որտեղ կարիերա անելու և առաջ գնալու հնարավորություններ գրեթե չկային: Այժմյան աշխատաշուկայում չեխ կանայք ներկայացված են 59 տոկոսով, գործազուրկ է 8.2 տոկոսը: Ձեռներեցությամբ զբաղված է չեխ կանանց 12 տոկոսը՝ այն դեպքում, երբ ձեռներեցությամբ է զբաղվում տղամարդկանց 22 տոկոսը»,- նշեց Ա.Կրիժկովան:
Նշենք, որ ըստ ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգի` շուկայական տնտեսության անցման պայմաններում դեռևս չի հաջողվել հաղթահարել գենդերային անհավասարակշռությունը աշխատանքի և զբաղվածության ոլորտում։
Թեև վարձու աշխատողների բաշխումն ընդհանուր առմամբ արտացոլում է տնտեսապես ակտիվ բնակչության գենդերային հարաբերակցությունը` 64% տղամարդկանց և 55.4% կանանց շրջանում, սակայն գործազուրկների գենդերային կազմը ցույց է տալիս, որ գործազրկությունն անհամաչափ է բաշխված կանանց և տղամարդկանց շրջանում։ Շարունակվում են կանանց տնտեսական ակտիվության անկման միտումը և գործազրկության «ֆեմիանացումը»։
Տղամարդկանց համեմատ կանանց տնտեսական ակտիվությունը տարիքային բոլոր խմբերում շարունակում է մնալ զգալիորեն ավելի ցածր մակարդակում։ Տնտեսապես ակտիվ են կանանց 48.8%-ը և տղամարդկանց 75.9 %-ը։ Կանայք կազմում են պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը։ Գրանցված գործազրկության մակարդակը կանանց առավել ակտիվ աշխատունակ տարիքային խմբում (30-39տարեկան) կազմում է 60.1%։ Գործազրկության և աղքատության մեջ հայտնվելու վտանգին առավել ենթակա են 50-54 տարիքային խմբի կանայք։
Տեղի է ունենում գործազրկության կազմի որակական փոփոխություն։ Կանայք տղամարդկանցից ավելի են զգում աշխատանքի որոնման դժվարությունները, երիտասարդ, առաջին անգամ աշխատանքի շուկա մտնող, միայնակ մայր, նախակենսաթոշակային տարիքի կանանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները նվազագույնի են հասնում։ Ծայրահեղ աղքատության մեջհայտնվելու վտանգը կին գլխավորով տնային տնտեսությունների անդամների համար շուրջ մեկ երրորդով ավելի մեծ է, քան այլ տնային տնտեսություններում։
Մարո Մարգարյան
Դիտումների քանակը` 3644