«Դու որ չգայիր մեր գյուղ, մեր հալն ինչ էր լինելու»…
Փոքր գյուղական համայնքներում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության հանդեպ հասարակությունը մշտապես պահպանողական մոտեցում է ցուցաբերել: Ու թեև գտնվել են կանայք, ովքեր իրենց աշխատանքում եղել են ակտիվ ու համարձակ, այնուհանդերձ նրանց ուղղված անհարկի խոսակցություններն անպակաս են եղել: Սկզբնական շրջանում այսպես էր նաև հեռավոր Կապանից 30 տարի առաջ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնք հարս եկած Լյուդմիլա Մարտիրոսյանի պարագայում, հատկապես, երբ 2004 թվականին առաջին անգամ առաջադրվեց որպես ավագանու թեկնածու: Մինչ այդ ավագանու կազմում որևէ կին չէր եղել, և ահա Լյուդմիլային հաջողվեց ստանալ անցողիկ թվով ձայներ:
– Գյուղում ասելիք էր դարձել, թե տեսեք, Սվետայի հարսը շալվար է հագնում: Սակայն այսօր հարս ու աղջիկները և շալվար են հագնում, և կարճ շրջազգեստ: Աչքները սովորեցին: Իսկ երբ առաջին անգամ առաջադրվեցի ավագանու թեկնածու և ընտրվեցի համայնքի կողմից, ոմանք դարձյալ ասում էին` կնոջ գործը ընտանիքն է, կինն ուր, ավագանին ուր: Ի դեպ, այն ժամանակ Մրգաշենում ոչ մի կին չէր աշխատում,- պատմում է Լյուդմիլան:
Մինչդեռ իր ծննդավայր Կապանում ընտանիքի բոլոր անդամներն աշխատում էին, ուստի Լյուդմիլայի համար կնոջ չաշխատելն անսովոր երևույթ էր: Ու երբ ամուսնացավ, ունեցավ երեք երեխա, որոշ ժամանակ անց որոշեց աշխատել: Այս անգամ էլ հնչեցին հարևան-բարեկամ կանանց «մտահոգիչ» արտահայտությունները.
«Ախր ինչիդ է պետք աշխատանքը, սիրուն կին ես, ամուսինդ ոնց է թողնում խալխի տղամարդկանց հետ մի սենյակում աշխատես, բա խալխը ինչ կասի»:
Սակայն, ինչպես ասում են, վիճակը նետված էր: Լյուդմիլան որոշել էր աշխատել և համոզված էր, որ կկարողանա ամեն ինչ հասցնել: Կարճ ժամանակ անց աշխատանքի է անցում Եղվարդի «Ջուր օգտագործողների ընկերության» Մրգաշենի մասնաճյուղում, որտեղ ամուսինն աշխատում էր որպես տեղամասի պետ, Լյուդմիլան` հաշվապահ: Իսկ երբ ամուսնու համաձայնությամբ առաջադրվեց ավագանու թեկնածու, իսկ համայգյուղացիները համոզվեցին, որ կանայք կարող են առավել համարձակ ու նախաձեռնող լինել իրենց աշխատանքում, արդեն կանանցից շատերը սկսեցին աշխատանք փնտրել: Այսօր ադրեն համայնքի երիտասարդ հարս ու աղջիկ աշխատում են Երևանում:
Ստացվում է, որ մեկի օրինակը վարակիչ կարող է լինել ողջ համայնքի համար: Այսօր Լյուդմիլան է չորորդ անգամ է ՏԻՄ ընտրություններում առաջադրվում: 12 տարի շարունակ համայնքը նրա նվիրված ու հոգատար աշխատանքի արդյունքի ականատեսն է: Ու հաճախ են Լյուդմիլային ասում .«Դու ոչ չգայիր մեր գյուղ, մեր հալն ինչ էր լինելու»:
Իսկ Մրգաշենում համայնքապետի ու ավագանու անդամների համատեղ աշխատանքով քիչ գործ չի արվել:
– Քայլ առ քայլ ընկերներիս հետ մեր համայնքի խնդիրները վեր հանեցինք, փորձեցինք նաև լուծումներ գտնել` ակտիվորեն համագործակցելով համայնքապետարանի հետ: Աշխատանքի ընթացքում փորձեցի կարևորել նաև իմ դերը մեր համայնքի կյանքում: Համայնքում խմելու, ոռոգման ջրի, աղբահանության խնդիր չկա, փողոցներն ասֆալտապատ են, լուսավոր, վերանորոգվել է մանկապարտեզի շենքը և այսօր այնտեղ հաճախում են նաև հարևան Նոր Արտամետ համայնքի փոքրիկները: Անցյալ տարի մեզ հաջողվեց լուծել քաղաքային տրանսպորտի հարցը: Բանն այն էր, որ Մրգաշենի երիտասարդներից շատերն ուսանող են Երևանում, իսկ համայնքին տրամադրված միկրոավտոբուսը մշտապես զբաղեցված էր լինում իրենց արտադրանքը`կաթն ու մածունը քաղաքում վաճառքի տանող կանանցով, ուսանողներն ուշանում էին դասերից: Դա իրոք մտահոգիչ հարց էր մեզ համար, ուրախ եմ, որ լուծեցինք այն,- մեզ հետ զրույցում պատմում է Լյուդմիլան:
Նրա համոզմամբ անելիքներ միշտ էլ կան, պարզապես համայնքապետն ու ավագանու անդամները պետք է հետևողական լինեն դրանց կատարման համար: Իսկ համայնքի խնդիրների լուծման ճանապարհին մեծ է ավագանու յուրաքանչյուր անդամի դերը, քանզի նրանից է կանխված ավագանու ինստիտուտի կայացումը: Իսկ վերջինս Լյուդմիլայի համոզմամբ դեռ կայացման ճանապարհին է: Իհարկե, կնոջ ներկայությունը ավագանու կազմում կփոխի և փոխում է շատ բան, սակայն ներկայացվածության դեպքում էլ կարևորում է գրագետ, բանիմաց, ճանապարհ անցած, հարգված ու ճանաչված կանանց ներկայությունը:
– Չմոռանանք, որ կանայք ավելի պարտաճանաչ են և պատասխանատու: Ու նաև, երբ կանայք մտնում են ընտրական պայքարի մեջ, այն որոշ չափով մեղմ է ընթանում,- համոզված է Լյուդմիլան:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3751