«Գուցե հոգեբանորեն ծանր է հետազոտվելը, սակայն առանց դրա կարող է ուշ լինել»…

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի երիտասարդացում է նկատվում: Այս  մտահոգությունը հայտնեցին Հայ-ամերիկյան առողջության (Մամոգրաֆիայի) կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը՝ փետրվարի 4-ին, քաղցկեղի դեմ պայքարի  միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ:

 

 

Թեպետ հիմնականում քաղցկեղով տառապում են 40-55 տարեկան կանայք, սակայն մինչեւ 35 տարեկան քաղցկեղով տառապող կանանց թիվը վերջին շրջանում շատացել է:   Ըստ կենտրոնի վիճակագրության` այսօր Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապում են 30-39 տարեկան 500 կին և  մինչեւ 29 տարեկան 60 կին։ Ամենաերիտասարդ աղջիկը ում մոտ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղ` 16 տարեկան է եղել: Նրա մոտ գրանցվել էր բարորակ ուռուցքի չարորակացում:

 

Թե ինչից է առաջանում կրծքագեղձի քաղցկեղը, առայժմ բժշկությանն անհայտ է,

սակայն բժիշկները պնդում են, որ  կան կանխարգելիչ միջոցներ:  «Նախընտրելի է, որ կինը մինչեւ 30 տարեկան գոնե մեկ անգամ ծննդաբերած լինի, երեխային կրծքով ավելի շատ կերակրի, դրանք նվազեցնում են քաղցկեղի առաջացումը: Արհեստական վիժումները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, ուժեղ դեպրեսիաները և սթրեսները, ռիսկային գործոններ են մնում նաեւ տարիքն ու ժառանգականությունը», – թվարկում է Անի Հակոբյանը:

 

 

Բժիշկների խոսքերով հիվանդների միայն  15%-ի մոտ քաղցկեղը ժառանգական գենետիկ փոխանցման արդյունք է: Այն աղջիկներին, ում  մայրերը տառապել են քաղցկեղով, խորհուրդ է տրվում տարեկան երկու անգամ ստուգվել:

 

 

 

Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ եթե 15 տարի առաջ Մամոգրաֆիայի կենտրոն օրական հետազոտման էր այցելում 3-4 մարդ, ապա այժմ կենտրոնն օրական ընդունում է 120 մարդ։ Նրա  խոսքով, կենտրոն հաճախելիության աճը վկայում  է այն մասին, որ մարդիկ դարձել են ավելի իրազեկված և մտահոգված իրենց առողջությամբ։

 

 

Անի Հակոբյանը խոսքով ամսական հայտնաբերում են կրծքագեղձի քաղցկեղի 30-40 դեպք:  «Կրծքագեղձի քաղցկեղը մահացու դատավճիռ չէ»,-  հավաստիացնում է  նա:

 

 

Բուժման կուրսից հետո սահմանված ժամանակը 5 տարի է: Եթե այդ ընթացքում հիվանդների մոտ առողջական խնդիրներ չեն առաջանում, ապա այդ կանայք համարվում են վերապրածներ: Հայաստանում վերապրած կանանց թիվը գերազանցում է 2.500-ը:

 

 

Կրծքագեղձի քաղցկեղը գուցե չհաղթահարված, բայց  կանխարգելվող հիվանդություն է, շեշտում են բժիշկները, խորհուրդ տալով՝ մինչեւ 35 տարեկան կանանց ամսական գոնե մեկ անգամ կատարել կրծքագեղձի ինքնազննում ու փոփոխություն զգալու պարագայում դիմել բժշկի, իսկ 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում գոնե տարվա մեջ մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել: Նրանց խոսքով, իհարկե շատերի համար գուցե  հոգեբանորեն ծանր է հետազոտվելը, սակայն առանց հետազոտության կարող է ուշ լինել։

 

 

Անդրադառնալով վերջերս մեծ տարածում ստացած կրծքի պլաստիկ վիրահատությունների՝  բժշկուհին նշեց, որ  դրանք որեւէ կերպ չեն խանգարում քաղցկեղի հիվանդության կանխարգելմանը: «Շատացել են կրծքի պլաստիկ վիրահատությունները, սակայն հայ վիրաբույժները մինչ վիրահատությունը պահանջում են հիվանդից հետազոտվել ու միայն բժշկական զննումից հետո են վիրահատում: Սիլիկոնների տեղադրումը դժվարացնում է ուռուցքի հայտնաբերումը, սակայն կան հատուկ մեթոդներ եւ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են ուռուցքը», եզրափակեց Անի Հակոբյանը:

 

 

Ի դեպ, թեեւ ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանացի հիվանդություն, սակայն այն հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ: Հայաստանում այն հայտնաբերվել է 520 ղամարդկանց մոտ, որոնցից 22-ի մոտ չարորակ է եղել։

«Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի ագրեսիվ ընթացք ունի։ Այն առաջանում է հիմնականում մեծ տարիքում՝ 60 տարեկանից բարձր հասակում: Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող են լինել նաեւ վնասվածքները»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը։

 

 

Աշխարհում տարեկան1.5 միլիոն կանանց մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Դրանցից 465.000-ը` մահացու ելքով:

Հ. Հ.

 

 

Քաղցկեղից մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման,

 ևս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ:

Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12.7 միլիոն մարդու մոտ: Ավելի քան 7.6 միլոնի մոտ հիվանդությունը ողբերգական ավարտ է ունենում: Մահացության դեպքերի 2/3-ը գրանցվում է հատկապես միջին եւ ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում:

 

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` յուրաքանչյուր տարի քաղցկեղից ավելի շատ մարդ է մահանում, քան տուբերկուլյոզից, մալարյիայից եւ ՁԻԱՀ-ից միասին վերցրած: Նույն կազմակերպության հաշվարկներով` համապատասխան միջոցառումներ չկիրառելու պարագայում առաջիկա 5 տարվա ընթացքում քաղցկեղից աշխարհում կմահանա 84 միլիոն մարդ:

 

Դրա հետ մեկտեղ ըստ հաշվարկների` մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման, ևս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ: Չօգտագործել ծխախոտ, ճիշտ սնվել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել,  չափավոր օգտագործել ալկոհոլն ու սթրեսների չենթարկվել: Սրանք այն խորհուրդներն են, որ տալիս են  բժիշկները քաղցկեղից խուսափելու համար:

 

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2010թ. չարորակ նորագոյացությունները կազմել է 19.9 %:

 

Ըստ  վիճակագրության` տղամարդկանց շրջանում առավելապես տարածված են թոքի, շնչուղիների եւ բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի եւ արգանդի վզիկի չարորակ նորագոյացություններ:

 

 

Դիտումների քանակը` 7190

Գլխավոր էջ