«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

Այս հայտարարությունն արեց  ՄԱԿ-Կանայք կառույցի  գործադիր տնօրենը  երեկ  Նյու Յորքի  Հարլեմ թաղամասում՝ «Ապոլլո» թատրոնի շենքում կայացած  Պեկին+20  գլոբալ գործընթացի   հանդիսավոր  մեկնարկի ժամանակ:

 

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ այս պատմական Ապոլլո թատրոնում Պեկինի ոգին է կրկին բոցավառելու, կրկին ակտիվացնելու մեր ջանքերը հանուն կանանց իրավունքների, կանանց հզորացումը և գենդերային հավասարությունը: 1995-ին Պեկինում՝  Կանանց  դրության   ՄԱԿ-ի  4-րդ  համաշխարհային գագաթաժողովում  առաջ քաշված խնդրահարույց 12 ոլորտների տեսլականը դեռևս ակտուալ է ամբողջ աշխարհում: Մենք պետք է ավելին անենք, որպեսզի  կրճատենք կանանց աղքատության մասնաբաժինը, բարելավենք կրթության և առողջության հասանելիությունը, վերացնենք կանանց նկատմամբ բռնությունը, ապահովենք կանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացմանը, նրանց  հավասար հնարավորությունները տնտեսության մեջ,  հաղթահարենք  գենդերային կարծրատիպերը,  պաշտպանենք աղջիկների և կանանց մարդու իրավուքնները», -ասաց   «ՄԱԿ կանայք» կառույցի  գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան ՝ բացելով տոնական հանդիսությունը:

 

Նրա խոսքով, Պեկին+20 քարոզարշավի մեկնարկն   ազդարարվեց այս տարվա մայիսին «Կանանց  հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե’ք այդ մասին» կարգախոսի ներքո: Այն   առաջարկում է պատկերացնել  աշխարհը 5,10, 15 տարի անց, պատկերացնել մի աշխարհ, որտեղ կյանքը շատ ավելի լավն է ու արդար կանանց և աղջիկների համար, հետևաբար և ողջ մարդկության համար: Այսօր արդեն  այդ կարգախոսին սոցիալական  ցանցերում  արձագանքել են  ավելի քան  40 միլիոն մարդ:

 

 

«ՄԱԿ կանայք» կառույցի  ղեկավարը իր ելույթում բավականին ուշագրավ թվեր բերեց, նկատելով, որ  20-րդ դարում և Պեկինի գագաթաժողովից  ի վեր մենք ականատես ենք եղել շատ փոփոխությունների աշխարհի տարբեր մասերում.

 

 

Այսօր, 139 երկրների  Սահմանադրություններ ներառում են գենդերային հավասարության երաշխիքներ, 125 երկրներ ընտանեկան բռնությունը հանցանք են համարում և 117 երկրներ` սեռական ոտնձգությունները աշխատավայրում համարում են հակաօրինական…

 

 

20 տարի առաջ կանայք կազմում էին խորհրդարանականների ընդամենը 11%: Այսօր աշխարհի խորհրդարաններում միջինում՝  պատգամավորների մոտ 22% կանայք են…

 

 

20 տարի առաջ կանանց ընդամենը 40%-ը ուներ վճարվող աշխատանք, ներկայումս՝ 48%…

 

 

20 տարի առաջ աշխարհում աղջիկների  75%-ից  ավելի  քիչն էին հաճախում դպրոցներ, այսօր նրանց 90%-ն է  դպրոց  գնում…

 

 

20 տարի առաջ երկու անգամ ավելի շատ կանայք էին մահանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ, սակայն այսօր էլ դեռևս 800 կին է մահանում յուրաքանչյուր օր, և նրանցից շատերի մահը կարելի է կանխել…

 

 

Այսօր աղջիկների  սեռական օրգանների  խեղման հետ կապված  ավանդույթների տարածվածությունը նվազում է, սակայն նման միջամտությունը սպառնում է դեռևս 30 մլն. աղջիկների հաջորդ տասնամյակի ընթացքում…

 

 

Այսօր աշխարհում  կանանց նկատմամբ բռնության մտահոգիչ  ցուցանիշներ են գրանցվում. յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում  ենթարկվում է սեռական կամ ֆիզիկական բռնության…

 

 

Այսօր աշխարհի բոլոր երկրներում գոյություն ունի մեծ ճեղքվածք տղամարդկանց և կանանց  աշխատավարձերի միջև, կանայք շարունակում են մեծ մասամբ կատարել ցածր վարձատրվող կամ չվարձատրվող աշխատանք…

 

 

Եվ չնայած առաջընթաց է գրանցվել վերջին 20 տարիների ընթացքում, սակայն, նրա խոսքով,  մենք կարիք ունենք ավելի արագ և ավելի շատ առաջընթացի:

 

 

«Աշխարհում դեռեւս  ոչ մի երկիր դեռևս չի հասել բացարձակ և լիարժեք գենդերային հավասարության:  Ես հասկանում եմ ,  որ դա հավակնոտ նպատակ է,  բայց այն անիրագործելի չէ: Սա մեր ժամանակի առաքելությունն է: Մենք կարող ենք լինել 21-րդ դարի խաղի կանոնների փոխողը,  կարող ենք անել այնպես, որ  գենդերային անհավասարությունը այլևս պատմություն կլինի:

 

 

Գենդերային  անհավասարության վերացման համար  նախատեսված վերջնաժամկետը  հայտնի է. դա 2030 թվականն է:  Եվ այսօր , Պեկին+20 այս քարոզարշավի մեկնարկով  մենք տալիս ենք գենդերային անհավասարության վերացման մեկնարկը: Այսօր այստեղ՝ Ապոլոն թատրոնում մենք գծում ենք դեպի 2030 տանող այդ ճանապարհային քարտեզը: Եկե’ք այն իրականություն դարձնենք», – եզրափակեց  իր խոսքը ՄԱԿ-Կանայք կառույցի ղեկավարն՝ առաջարկելով դիտել  Պեկին+20 քարոզարշավին նվիրված ֆիլմը եւ վայելել համերգը…

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ

 

 

Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում

 


Դիտումների քանակը` 5400

Գլխավոր էջ