«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
Այս հայտարարությունն արեց ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրենը երեկ Նյու Յորքի Հարլեմ թաղամասում՝ «Ապոլլո» թատրոնի շենքում կայացած Պեկին+20 գլոբալ գործընթացի հանդիսավոր մեկնարկի ժամանակ:
«Մենք հավաքվել ենք այստեղ՝ այս պատմական Ապոլլո թատրոնում Պեկինի ոգին է կրկին բոցավառելու, կրկին ակտիվացնելու մեր ջանքերը հանուն կանանց իրավունքների, կանանց հզորացումը և գենդերային հավասարությունը: 1995-ին Պեկինում՝ Կանանց դրության ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային գագաթաժողովում առաջ քաշված խնդրահարույց 12 ոլորտների տեսլականը դեռևս ակտուալ է ամբողջ աշխարհում: Մենք պետք է ավելին անենք, որպեսզի կրճատենք կանանց աղքատության մասնաբաժինը, բարելավենք կրթության և առողջության հասանելիությունը, վերացնենք կանանց նկատմամբ բռնությունը, ապահովենք կանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացմանը, նրանց հավասար հնարավորությունները տնտեսության մեջ, հաղթահարենք գենդերային կարծրատիպերը, պաշտպանենք աղջիկների և կանանց մարդու իրավուքնները», -ասաց «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան ՝ բացելով տոնական հանդիսությունը:
Նրա խոսքով, Պեկին+20 քարոզարշավի մեկնարկն ազդարարվեց այս տարվա մայիսին «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե’ք այդ մասին» կարգախոսի ներքո: Այն առաջարկում է պատկերացնել աշխարհը 5,10, 15 տարի անց, պատկերացնել մի աշխարհ, որտեղ կյանքը շատ ավելի լավն է ու արդար կանանց և աղջիկների համար, հետևաբար և ողջ մարդկության համար: Այսօր արդեն այդ կարգախոսին սոցիալական ցանցերում արձագանքել են ավելի քան 40 միլիոն մարդ:
«ՄԱԿ կանայք» կառույցի ղեկավարը իր ելույթում բավականին ուշագրավ թվեր բերեց, նկատելով, որ 20-րդ դարում և Պեկինի գագաթաժողովից ի վեր մենք ականատես ենք եղել շատ փոփոխությունների աշխարհի տարբեր մասերում.
Այսօր, 139 երկրների Սահմանադրություններ ներառում են գենդերային հավասարության երաշխիքներ, 125 երկրներ ընտանեկան բռնությունը հանցանք են համարում և 117 երկրներ` սեռական ոտնձգությունները աշխատավայրում համարում են հակաօրինական…
20 տարի առաջ կանայք կազմում էին խորհրդարանականների ընդամենը 11%: Այսօր աշխարհի խորհրդարաններում միջինում՝ պատգամավորների մոտ 22% կանայք են…
20 տարի առաջ կանանց ընդամենը 40%-ը ուներ վճարվող աշխատանք, ներկայումս՝ 48%…
20 տարի առաջ աշխարհում աղջիկների 75%-ից ավելի քիչն էին հաճախում դպրոցներ, այսօր նրանց 90%-ն է դպրոց գնում…
20 տարի առաջ երկու անգամ ավելի շատ կանայք էին մահանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ, սակայն այսօր էլ դեռևս 800 կին է մահանում յուրաքանչյուր օր, և նրանցից շատերի մահը կարելի է կանխել…
Այսօր աղջիկների սեռական օրգանների խեղման հետ կապված ավանդույթների տարածվածությունը նվազում է, սակայն նման միջամտությունը սպառնում է դեռևս 30 մլն. աղջիկների հաջորդ տասնամյակի ընթացքում…
Այսօր աշխարհում կանանց նկատմամբ բռնության մտահոգիչ ցուցանիշներ են գրանցվում. յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում ենթարկվում է սեռական կամ ֆիզիկական բռնության…
Այսօր աշխարհի բոլոր երկրներում գոյություն ունի մեծ ճեղքվածք տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև, կանայք շարունակում են մեծ մասամբ կատարել ցածր վարձատրվող կամ չվարձատրվող աշխատանք…
Եվ չնայած առաջընթաց է գրանցվել վերջին 20 տարիների ընթացքում, սակայն, նրա խոսքով, մենք կարիք ունենք ավելի արագ և ավելի շատ առաջընթացի:
«Աշխարհում դեռեւս ոչ մի երկիր դեռևս չի հասել բացարձակ և լիարժեք գենդերային հավասարության: Ես հասկանում եմ , որ դա հավակնոտ նպատակ է, բայց այն անիրագործելի չէ: Սա մեր ժամանակի առաքելությունն է: Մենք կարող ենք լինել 21-րդ դարի խաղի կանոնների փոխողը, կարող ենք անել այնպես, որ գենդերային անհավասարությունը այլևս պատմություն կլինի:
Գենդերային անհավասարության վերացման համար նախատեսված վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է: Եվ այսօր , Պեկին+20 այս քարոզարշավի մեկնարկով մենք տալիս ենք գենդերային անհավասարության վերացման մեկնարկը: Այսօր այստեղ՝ Ապոլոն թատրոնում մենք գծում ենք դեպի 2030 տանող այդ ճանապարհային քարտեզը: Եկե’ք այն իրականություն դարձնենք», – եզրափակեց իր խոսքը ՄԱԿ-Կանայք կառույցի ղեկավարն՝ առաջարկելով դիտել Պեկին+20 քարոզարշավին նվիրված ֆիլմը եւ վայելել համերգը…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ
Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում
Դիտումների քանակը` 5443