«Գալուստ Սահակյանը պետք է Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրելու քաջություն ունենա»

 

 

Այս առաջարկով հանդես եկավ  այսօր  խորհրդարանական  ճեպազրույցի  ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի երեկվա ելույթին:

 

«Ես անթույլատրելի եմ դիտում  վիրավորական արտահայտությունները Զարուհի Փոստանջյանի հասցեին: Եթե Գալուստ Սահակյանի տարիքը, խորհրդարանում ունեցած կարգավիճակը մի կողմ դնենք, նրա արարքը տղամարդուն վայել չէ», – ասաց Ռուբեն Հակոբյանը, նշելով,  թե ինքը ընդհանրապես անընդունելի է համարում միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալը որեւէ բանավեճի, ելույթի ժամանակ,  և նա այդ մասին զգուշացրել է նաեւ Զարուհի Փոստանջայանին իր ելույթից անմիջապես հետո:

 

«Բայց Գալուստ Սահակյանը գերազանցեց մինչև այս խորհրդարանում եղած բոլոր դեպքերին, երբ անձնական վիրավորանքներ են հասցնում:  Պետք է նա քաջություն ունենա Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրել»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:

 

Քիչ անց անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի խոսքերին, ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում»:

 

Գալուստ Սահակյանը չի համարում, որ պատգամավորուհուն վիրավորել է։

 

«Ընենց եք ասում՝ կնոջը վիրավորել  ես, ոնց  որ նրա վրա կրակել եմ։  Ճղճղալ, լպիրշ պահել, անընդհատ ՀՀԿ-ին վիրավորել… Եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի։ Ես կնոջը չեմ վիրավորել։ Ավելին՝ դրական խոսք եմ ասել՝ առաքինի տիկին եմ նրան անվանել», –այսօր ասել է Գ. Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս Գալուստ Սահակյանն անդրադարձել էր վերջին օրերի քննադատություններին, այդ թվում ` Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խարդախ է եւ խաբեբա:

 

«Երկրի գլխավոր դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, եւ այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնել, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանան»,- հայտարարեց նա:

 

 

Նշենք, որ դրանից առաջ Ազգային ժողովի նիստում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը    հայտարարել էր, որ Բյուրական գյուղում  կառուցվող ՀԷԿ-ը պատկանում է  դատախազ Աղվան Հովսեփյանին:  Այդ ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են գյուղացիները, սակայն դատախազը անտեսում է դա:

 

“Գյուղում առանց այդ էլ դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ”,-ասաց` Փոստանջյանը` նշելով, որ ինքը ընդամենը մեջբերեց գյուղացիների խոսքերը:   “Եվ այդ խարդախ դատախազը գալիս է այստեղ եւ մեր գործընկերոջը մեղադրելով խարդախության մեջ` միջնորդում զրկել անձեռնմխելիությունից”,-եզրափակեց Փոստանջյանը:

 

Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը պատգամավորներին կոռեկտության կոչ արեց, ասաց՝ ուրիշներին վիրավորելով մարդիկ իրենց չեն արժեւորում:

 

“Դուք դատախազի փոխարեն մի վիրավորվեք”,- պատասխանեց  Փոստանջյանը`ավելացնելով, որ ինքը իրավաբան է, եւ լավ  գիտի, թե որն է վիրավորանքը:

 

P.S. Նշենք, որ այս շաբաթվա սկզբից ԱԺ-ում Կառավարության նոր ծրագրի շուրջ  տեղի ունեցած քննարկումները  ցույց տվեցին, որ իրականում բանախոսների մեծ մասը , անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից,   պատկերացում  անգամ  չունեն  որտեղ է սկսվում եւ որտեղ է վերջանում վիրավորանքը:  Ինչ վերաբերւմ է ԱԺ-ում   առաջին անգամ չէ   հնչեցվող «Եթե կին է,  ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի»  արտահայտությանը, ապա նման, պատգամավորական գործունեության հետ կապ չունեցող  որակումներին   վերջ դնելու  միակ տարբերակը՝   կանոնակարգով արգելելն է, որպես  սեքսիզմի  դրսեւորում: Իսկ  պատգամավորական մտքի մնացած այլ փայլատակումներով   թող էթիկայի հանձնաժողովը զբաղվի:

Թ.Հ.

 

 

Դիտումների քանակը` 4166

Գլխավոր էջ