«Բացահայտել ճշմարտությունը», – բողոքի ակցիա դատախազության դիմաց/ վիդեո

 

 «Մարոն ինքնասպան չի եղել», «Բացահայտել ճշմարտությունը», «Ոչինչ չի արդարացնում ընտանեկան բռնությունը»… նման պաստառներով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր ցույց էր կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջև՝ դեռ մեկ տարի առաջ Կոտայքի մարզի Առինջ գյուղում 20 ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության հանգամանքները բացահայտելու  եւ այս գործով քննությունը վերսկսելու պահանջով:

 

 

– Մեր պահանջն է, որպեսզի Մարո Գուլոյանի գործի քննությունը պետք է շարունակվի՝ նրա մահվան հետ կապված ողջ ճշմարտությունը բացահայտելու համար: Մենք ունենք բոլոր հիմքերը փաստելու, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ,- ասում է կոալիցիայի անդամ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ներկայացուցիչ  Աննա Նիկողոսյանը,- դեպքի մասին տեղեկացել ենք մեկ տարի առաջ, երբ մեր արագ արձագանքման խումբը մեկնեց Աբովյան, որպեսզի տեղում ծանոթանա մանրամասներին: Մարոն մշտապես բռնությունների է ենթարկել, ամուսինը խաղամոլ է եղել, նրանից գումար է պահանջել … Իսկ Մարոյի ՛՛ինքնասպանությունից՛՛ մի քանի ժամ առաջ նա պարզապես պատրաստվում էր լքել ամուսնուն և վերադառնալ հայրական տուն: Մենք պահանջում ենք դեպքի արդար քննություն:

 

Ի դեպ, այսօր ժամը 14:30-ին  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար նաև Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Սակայն Մարո Գուլոյանի իրավահաջորդի դատապաշտպան Լուսինե Մինասյանին դատարանից տեղեկացրել են, որ նիստը հետաձգվում է:

 

 

– Նամակը քիչ առաջ եմ ստացել դատարանից, տեղեկացնում են, որ վարույթը իրականացնող մարմինը քրեական գործի նյութերը չի  ներկայացրել և ըստ  էության նիստը չի կայանալու: Կարծում ենք կանխամտածված քայլ է և նիստից  2 ժամ առաջ զգուշացնելը նույնպես անհասկանալի պահվածք է: Մենք այժմ նամակ ենք պատրաստել գխավոր դատախազին և ցանկանում ենք այն  հենց անձամբ իրեն փոխանցել՝ արտահայտելով մեր մտահոգությունները և հավաքված այն փաստերը, որոնք համոզված եմ բավարար հիմք են գործը վերսկսելու համար:

 

 

–         Մենք վարժված ենք դատարանների նման արձագանքներին,- ասում է կոալիցիայի մեկ այլ անդամ`  «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը՝ մատնացույց անելով Մարիամ Գևորգյանի դեպքը:  Պատճառաբանություններ  իհարկե միշտ էլ ներկայացնում են, բայց մի բան ակնհայտ է,  որ երբ զգում են,  որ կա ճնշում հասարակության կոմից կամ ընդվզում, արդեն փոխում են ռազմավարությունը:  Ուրեմն թաքցնելու բան ունեն, որ անհանգստանում են: Ուրախ եմ, որ նիստը բաց է լինելու և ոչ թե դռնփակ փակ՝ ինչպես Մարիամի դեպքում և հասարկությունը կհետևի ողջ ընթացքին:

 

Մարո Մաթոսյանը նշեց, որ այս դեպքը ևս մեկ անգամ կարևորում է ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու անհրաժեշտությունը.

 

 

–         Ցավոք սա ընտանեկան բռնության ևս մեկ օրինակն է՝ մահվան ելքով, ինչպես Զարուհու դեպքը: Այո մենք կրկին ունենք դեպք և չունենք օրենք, որը սահմանի, ինչ է ընտանեկան բռնությունը, որ հասկանանք ինչպես հետազոտենք այս դեպքերը, ունենանք հստակ մեխանիզմներ:

 

 

… Նշենք, որ ակցիայի սկսվելուց հետո կոալիցիայի երկու ներկայացուցիչներին հրավիրեցին ներս: Դատախազությունում մոտ 40 րոպե տևած հանդիպումից հետո փաստաբան Լուսինե Մինասյանը նշեց, որ հանդիպել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի հետ:

 

 

–         Քննչական մարմնից գործը չէին ուղարկել դատարան և որոշվեց, որ դատախազության աջակցությունը լինելու է, որ այդ գործն արագացվի և նորից ետ ուղարկվի:  Նամակն էլ գցեցինք արկղ,  որտեղ ներկայացված են այն բոլոր հակասությունները, որոնց մասին բազմիցս խոսվել է և հուսանք, որ գլխավոր դատախազությունը իր ուշադրության կենտրոնում կպահի այս գործի ընթացքը: Թե ինչ է իրականում տեղի ունեցել, իհարկե  հայտնի է միայն Գուլոյանի ընտանիքին, սակայն այնքան աբսուրդ, միմյանց հակասող ցուցմունքներ են տրվել, որ վարույթն իրականցնող մարմինը դա կարող էր նկատել: Գործով՝ որպես գլխավոր վկա Արմինե Գրիգորյանը, հորեղբոր  կինը, մի ցուցմունքում հայտնում է, որ ինքն է գտել  Մարոյին՝ կախված, մյուսում, թե աղջիկն է տեսել նրան: Վկան նաև տարբեր ժամեր է նշել՝ մեկ ժամը 19:00-ի սահմաններում, մյուս դեպքում նշված է  16:00: Եվս մեկ աբսուրդ պատճառ է նաև նշվում, թե իբր Մարոն խնդրել է ամուսնուն օգնել խալին լվանալ, ամուսինը մերժել է, նա էլ շատ վիրավորվել ու ինքնասպան է եղել: Ուղղակի աբսուրդ է, որ վարույթն իրականացնող մարմինը նման  հեքիաթին հավատացել է և գործը կարճվել է…

 

 

Լիլիթ Քոչինյան

 

Դիտեք նաև  Առավոտ  կայքում  զետեղված  տեսանյութը ակցիայի մասին.

 

 

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչու՞ և ինչպե՞ս կյանքից հեռացավ Մարո Գուլոյանը

 

Ինչու՞ է կարճվել Մարո Գուլոյանի մահվան առիթով հարուցված գործը

 

 

 

Դիտումների քանակը` 4209

Գլխավոր էջ