«Բանակն ամենուր շարունակում է մնալ հիպերառնականացված կառույց»
«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» համաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել մի շարք փորձագետներ, որոնցից երկուսի հետ WomenNet-ը հնարավորություն ունեցավ զրուցելու պատերազմական իրավիճակում գենդերային հիմքով բռնությունների, նաեւ զինված ուժերում կանանց ներգրավվածության առումով սպասելիքների մասին: Մեր հարցերին են պատասխանում «Women in War» ֆրանսիական կազմակերպության տնօրեն Կարոլ Մանը (լուսանկարում՝ ձախից) եւ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս թուրքահայ Լերնա Էքմեքչիողլուն:
– Ի՞Նչ չափով է համաժողովի ընթացքում քննարկվելու ցեղասպանության ժամանակ գենդերային հիմքով բռնության խնդիրը:
Կարոլ Ման. «Գենդերային բռնությունը, իհարկե, կարեւոր է մեզ համար եւ համաժողովի ընթացքում անդրադարձ լինելու է: Առանձին թեմա չունենք, սակայն գրեթե բոլոր թեմաների ընթացքում լինելու է անդրադարձ: Լինելու են բանախոսներ, որոնք շատ կոնկրետ օրինակներով են խոսելու, ոչինչ տեսական չի լինելու»:
Լերնա Էքմեքչիողլուն. «Ինձ շատ է հետաքրքրում գենդերային բռնության, մասնավորապես, բռնաբարության արդյունքում ծնված երեխաների՝ պատերազմի զավակների հարցը: Սա ներկայումս մեծ խնդիր է Բոսնիա եւ Հերցեգովինայում: Բռնաբարության արդյունքում ծնված երեխաները ծնվել եւ մեծացել են, նրանց հայրերը համարվում են ազգի թշնամիներ:
– Երբ խոսում ենք պատերազմների եւ ցեղասպանությունների ժամանակ գենդերային բռնության մասին գրեթե միշտ հանցագործությունն իրագործողը տղամարդիկ են, իսկ զոհերը՝ կանայք: Որքա՞ն հաճախ են հանդիպում դեպքեր, երբ կանայք եւս մասնակցություն ունենում գենդերային հիմքով բռնություններին:
Լերնա Էքմեքչիողլուն. «Այս առումով Ռուանդայի օրինակն է շատ հետաքրքրական: Այն ժամանակ Ընտանիքի եւ կանանց հարցերով նախարարը, ով կին է եւ մայր է, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից էր: Նա է կազմակերպել, որ տղամարդիկ բռնաբարեն բազմաթիվ կանանց, այդ թվում՝ մասնակից դարձնելով իր տղային:
Իսկ Սիերա Լեոնեյում կանայք օգնել են, որպեսզի տղամարդիկ սեռական բռնություն իրագործեն այլ տղամարդկանց նկատմամբ: Սակայն մենք չգիտենք, թե ինչու են նրանք դա արել: Հաճախ կանայք այդպիսով ապահովում են իրենց: Լինելով բռնություն իրագործողի, ուժեղի կողքին կանայք փորձում են պաշտպանել իրենց, քանի որ իրենք շատ խոցելի են:
Կարոլ Ման. «Օրինակ Լիբերիայում եւ Ռուանդայում եղել են դեպքեր, երբ կանայք օժանդակել են գենդերային բռնությանը: Զինյալ տղամարդիկ օգտագործել են կանանց, որպեսզի հեշտության տիրանան այլ կանանց: Ոչ բոլոր դեպքերն են արձանագրված: Եղել են նաեւ կանանց կողմից տղամարդկանց կաստրացիայի օրինակներ: Թեեւ դա հազվադեպ է պատահում, սակայն այդ երեւույթը գոյություն ունի: Սակայն հիմնականում գենդերային բռնություն իրագործողները արական սեռի են:
– Վերջին տարիներին տարբեր երկրների բանակներում ավելանում է կին զինվորականների թիվը: Ձեր կարծիքով, կանանց ակտիվ ներգրավվածությունը զինված ուժերում կարո՞ղ է նպաստել , որպեսզի նվազեն գենդերային հիմքով բռնությունները:
Կարոլ Ման. «Ես բացարձակապես համոզված չեմ դրանում: Բանակի ղեկավարները հասկացել են, որ կանանց կողմից մեծ հետաքրքրվածություն կա զինված ուժերի նկատմամբ, դա էլ ազատագրման ինչ-որ ձեւ է կանանց համար, սակայն այնուամենայնիվ, բանակն ամենուր շարունակում է մնալ հիպերառնականացված կառույց: Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել, որ գենդերային բռնությունը կնվազի այսպիսով: Ես անձնապես չեմ հավատում դրան: Ես շատ հակամիլիտարիստական հայայցքներ ունեմ: Կանայք գալիս են բանակ օրինակ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, քանի որ այդտեղ կա կայուն աշխատանք եւ կայուն աշխատավարձ: Այո, դա աշխատանք է, անձնական առաջխաղացում կարող են ունենալ կանայք: Ես կցանկանայի, որ նրանք փոխեին համակարգը, սակայն չպետք է կարծել, թե բոլոր կանայք հերոսներ են:
Լերնա Էքմեքչիողլուն. Ես նույնպես չեմ հավատում, որ կանանց ներգրավվածության շնորհիվ գենդերային բռնությունները կնվազեն, քանի որ դա ոչ թե կանանց եւ տղամարդկանց , այլ մասկուլինացված համակարգի խնդիր է: Ուժի եւ իշխանության կիրառման խնդիր է: Ի՞նչ է ակնկալվում այն անձից, ով ունի իշխանություն: Եթե դու ունես իշխանություն, դու հակված ես լինել մասկուլին: Իսրայելը այդ առումով լավ օրինակ է: Այն բացառիկ է. կանայք ներկա էին զինված ուժերին նույնիսկ Իսրայել պետություն ստեղծումից առաջ, սակայն մինչ օրս այնտեղ նույն առնականության մթնոլորտն է տիրում:
Արման Ղարիբյան
Կարդացեք նաեւ թեմայի շուրջ.
Ցեղասպանությունից հետո . «Կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են վերապրում ցեղասպանական փորձը»
Դիտումների քանակը` 2957