«Արհեստը դիպլոմ ունեցողին էլ կկերակրե»

Պատմական Կիլիկայի մշակութային եզակի արժեքներից մեկը՝ Մարաշի ասեղնագործությունը Հայաստանում շարունակելու միտքը սիրիահայ Աիդա Սանթուրյանի մոտ ծնվեց հանգամանքերի բերումով: Մասնագիտությամբ մանկավարժ Աիդան փորձում է այսօր գումար վաստակել  իրենց ընտանիքում սերնդե-սերունդ  փոխանցվող    հազվագյուտ արհեստի միջոցով:

 

Հալեպում պատերազմը նոր էր սկսել, երբ վերահաս վտանգից խուսափելու համար ընտանիքը որոշեց ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան: Սակայն հիմնավորապես հայրենիքում մնալու ցանկությունն այսօր արդեն վճիռ է  դարձել, քանի որ Հալեպի ձգձգվող և հեղհեղուկ վիճակը մարել է  վերադարձի բոլոր հույսերը: Եվ հետո, Հայաստանում «գլխուներին տանիք ունին», ինքն ու ամուսինը՝ աշխատանք, երկու դստրերը սովորում են,  մեկը՝ ճարտարագիտական համալսարանում,  մյուսը՝ Երևանի պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնում, իսկ փոքր դուստրը փոխադրվել է  երկրորդ դասարան:

 

Աիդան 12 տարի աշխատել է Հալեպի Կրթասիրաց երկրորդական Չեմբերջյան վարժարանում որպես մանկավարժ, սակայն այստեղ իր մասնագիտությամբ չի կարող աշխատել արևելահայերենին լավ չտիրապետելու  և այդ պատճառով երեխաների հետ հաղորդակցման դժվարությունների պատճառով: Բայց անգործ էլ չէ:  Հայաստանյան Կարմիր խաչի կողմից տրամադրած կարի մեքենայի միջոցով Աիդան սկսեց իր փոքրիկ բիզնեսը,  հետո «օգնության եկան» ցուցահանդեսները,  ծանոթների շրջանակը հետզհետե ընդլայնվեց,  հարևան-դրացիները ոչ միայն ծանոթացան  Աիդայի հետ, այլև երբեմն-երբեմն պատվիրում են Մարաշի ասեղնագործ իրեր:

 

–         Հալեպում  մանկավարժությունից  բացի զբաղվում էի Մարաշի ասեղնագործությամբ: Ծնողներս Մարաշից  գաղթել էին  Հալեպ,  մայրս իր մորից ու տատից  սովորել էր ասեղնագործություն,  նրանից էլ ժառանգեցի այդ   հրաշալի արհեստը: Հալեպի հայ  ընտանիքներում ընդունված էր Մարաշի ասեղնագործությամբ զարդարված սփռոցների, անձեռոցիկների, սրբիչների,  բարձերի, անկողնային  պարագաների կիրառումը, աղջիկներն իրենց օժիտների մեջ կդնեին: Հայաստանում  կարծես թե դա ընդունված  չէ, – ասում է Աիդան ու շարունակում,- Մարաշի ասեղնագործության  յուրահատկությունը խաչերն են, որոնք,  ի տարբերություն  «աթլազլաման»  ասեղնագործության տեսակի, թուրքերը չկարողացան սեփականացնել:

Աիդան սիրով է  հիշում իր առաջին ասեղնագործ սփռոցը: Այսօր արդեն նրա բազում աշխատանքները  հիացնում են ինչպես ցուցահանդեսների այցելուներին, այնպես էլ իր պատվիրատուներին:  Ավանդական սփռոցների  և ասեղնագործ այլ աշխատանքերի փոխարեն Աիդան գերադասում  է ստեղծել իր ,մարկեթինգի» զարգացմանը նպաստող ասեղնագործ աշխատանքեր՝ հեռախոսի և ուսի պայուսակներ,  տարբեր չափերի օձիքներ բաժակների և  շշերի տոպրակներ, ապարանջաններ,  վզնոցներ և այլ զարդեր: Քանի որ առևտուրը շատ քիչ  է, ուստի հարկավոր է ընդլայնել տեսականին:

 

–         Վերնիսաժում վաճառվող աշխատանքերին ծանոթնալու նպատակով մեկ անգամ այցելեցի այնտեղ, բայց այնտեղ ամեն մեկն իր տեղն ունի և ուրիշին չեն տրամադրի, հատկապես եթե մարդաշատ վայրում է: Բացի այդ,  վաճառքը կհաջողի, եթե ամեն օր գնաս, այդ ժամանկ քո հաճախորդներն ունենաս: Այդպես ինձ հարմար չէր, ուստի որոշեցի տանը աշխատել,- պատմում  է Աիդան:

 

Ասեղնագործության համար անհրաժեշտ թելերն ու այլ պարագաները Աիդան պատվիրում է Հալեպից և երեևանյան մի քանի խանութներից, գծագրերը նույնպես, թեև մեծամասամբ ինքն է գծագրում: Ճիշտ է, տեղական թելերը որակապես իրեն չեն գոհացնում, սակայն արհեստավարժ մատների ասեղնագործած նախշազարդերի լաբիրինթում դրանց «թերությունը» չի նշմարվում: Աիդան գոհունակությամբ է արտահայտվում Մարաշի ասեղնագործությամբ, կարպետի հյուսքով ու գոբելենով հետաքրքվող հայուհիների մասին:

 

Աիդան ուրախ է, որ հայկական մշակութային եզակի նմուշներից մեկը կշարունակի զարգանալ երիտասարդների շնորհիվ: Մեծ սիրով ասեղնագործում է հատկապես երիտասարդ պատվիրատուների համար: Օրեր առաջ դստեր դասընկերոջ համար ասեղնագործեց մի գեղեցիկ գոտի, մեկ ուրիշի համար հեռախոսի պատյան և ապարանջան: Կարի արհեստանոցներում էլ հաճախ է տեսնում  ասեղնագործած տարազներ, որտեղ կուզենար աշխատել: Նա հույս ունի, որ Մարաշի ասեղնագործությունը հետզհետե մեծ պահանջարկ կվայելի, իսկ այսօր նրա աշխատանքները գնահատում և գնում են հիմնականում զբոսաշրջիկները: Աշխատում է տանը ՝օգնականի հետ, քանի որ տարածքն ընդլայնելու համար հնարավորությունները մեծ չեն:

 

Հայաստան եկած սիրիահայ կանանցից շատերը նույնպես զբաղվում են ասեղնագործությամբ,  շատերի հետ Աիդան ծանոթացել և մտերմացել է ցուցահանդեսների ժամանակ, սակայն ամեն մեկն իր հոգսն ունի ու փնտրում է քիչ թե շատ եկամտաբեր աշխատանք:

 

Ի տարբերություն իր բազմաթիվ բախտակիցների Աիդան գոհ է, որ Հայաստանում ունի ապրելու և աշխատելու հնարավորություն:

 

-Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, ուզում եմ, որ շարունակեմ ապրել          և աշխատել այստեղ, ու եթե դա ինձ հաջողվի,  այստեղից հեռանալու մասին չեմ մտածի,- ասում է Աիդա Սանթուրյանը:

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

Դիտումների քանակը` 6911

Գլխավոր էջ