«Արդյո՞ք ընտանեկան բռնությունը ամուր ընտանիքի հիմք է հանդիսանում» – մասնակցեք ակցիային
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում իրականացնում է խոշոր հանրային միջոցառում «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՔ» խորագրով: Ակցիան նպատակ ունի հասարակության լայն շերտերին իրազեկել կանանց նկատմամբ բռնության տարածվածության և ընտանեկան բռնության առավել աղմկահարույց չորս դեպքերի մասին՝ բարձրացնելով այն հարցը, թե արդյոք ընտանեկան բռնությունը կարող է համարվել ազգային ավանդույթ և արդյոք այդ երևույթը պետք է մնա տան փակ դռների ետեւում:
Հաշվի առնելով նաև այն փաստը, որ նոյեմբերի 30-ին Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով և որոշել Մարիամին դաժան խոշտանգումների և ծեծի ենթարկած սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի հանդեպ բավականին մեղմ պատիժ սահմանել՝ ակցիան անդրադառնալու է նաև Մարիամ Գևորգյանի գործով վճռին՝ մտահոգություն հայտնելով ընտանեկան բռնության օրենքի բացակայության առնչությամբ, ինչի հետեւանքով հնարավոր է դառնում հասարակության ակնհայտ դժգոհությունը հարուցող նմանօրինակ դատավճիռների կայացումը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԺԱՄԸ 15:30-ԻՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հրավիրում է բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին եւ լրագրողներին մասնակցել այդ ակցիային՝ միասին բողոքի ձայն բարձրացնելու ընտանեկան բռնությունների դեմ:
Դիտումների քանակը` 3794