«Արգանդի պարանոցի քաղցկեղը լիովին կանխարգելելի է»…
30-ից 60 տարեկան կանայք անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն
Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Անցյալ տարվա հունվարից մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» եռամյա ծրագիրը, որի նպատակն է վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը: Ծրագրի մանրամասների մասին Tert.am-ը զրուցեց է ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի հետ:
– 30-ից 60 տարեկան բոլոր կանայք ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար հետազոտություն անցնել: Նրանք կարող են դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա կամ գյուղական ամբուլատորիա և անցնել «ՊԱՊ» քսուքի հետազոտություն: Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Խոսելով դարի չարիք համարվող հիվանդության՝ քաղցկեղի մասին, կցանկանայի նշել, որ դրա դեմ պայքարի լավագույն ձևը վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է, որը ընկած է նաև պետության կողմից իրականացվող այս մեծածավալ ծրագրի հիմքում: Արգանդի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է, որը առավել հաճախ հայտնաբերվում է 35-ից 55 տարեկան կանանց շրջանում: Ոչ զարգացած երկրներում 60-80%-ի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման 3-րդ և 4-րդ փուլերում, երբ արդեն ցածր է բուժման արդյունավետությունը: Իրավիճակը գրեթե նույնն է մեր երկրում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի շուրջ 60%-ը գրանցվել է հիվանդության զարգացման 3-րդ և 4-րդ փուլերում:
-Հնարավո՞ր է արդյոք կրճատել քաղցկեղի այս տեսակի տարածումը։
-Ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենացածր տարածվածությունը Ֆինլանդիայում է` 1 դեպք 100 000 կին բնակչի հաշվով: Այս նվազագույն ցուցանիշը հաջողվել է ապահովել կազմակերպված սքրինինգային հետազոտություններ իրականացնելու շնորհիվ: Ֆինլանդիայի կանխարգելման փորձն աշխարհում ամենաարդյունավետներից է: Այդ փորձը ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել տարիքային այդ խմբի կանանց առնվազն 50%-ի հետազոտության անցկացում: Քաղցկեղին նախորդում են նախաքաղցկեղային փուլերը, որոնք սքրինինգների միջոցով հնարավոր է հայտնաբերել և ժամանակին բուժելով կանխել։ Փաստորեն, արգանդի պարանոցի քաղցկեղը միակ տեսակն է, որ լիովին կանխարգելելի է։ Ահա թե ինչու ենք կարևորում սքրինինգային ծրագիրը` նախատեսելով հետազոտել հանրապետության 30-ից 60 տարեկան կանանց առնվազն 50%-ին, ինչն անշուշտ, կտա իր դրական արդյունքները:
-Ինչու՞ նախկինում նման հետազոտություններ չեն իրականացվել:
– Նախկինում ևս իրականացվել են տարբեր տեսակի սքրինինգներ, բայց ոչ մեծածավալ: Դրանք ամբողջությամբ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ: Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ինչպես նաև բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը բուժհաստատություններում: Նշեմ, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015թ-ի հունվարից արդեն իրականացվող սքրինինգային հետազոտությունները ներառում են ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղի, այլև սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումը:
-Ի վերջո ի՞նչ արդյունք եք ակնկալում ծրագրից:
-Աշխարհի զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպվող սքրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է 80%-ով նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունը: Ակնկալվում է ծրագրի իրականացման երրորդ տարվա վերջին ունենալ բնակչության ընդգրկվածության բարձր ցուցանիշ սքրինինգային հետազոտություններում:
-Վերջին՝ 2012թ-ի հետազոտության տվյալներով` Հայաստանում ՊԱՊ թեստ անցած կանանց թիվը շուրջ 10% է: Ձեր կարծիքով ծրագրի միջոցով ցուցանիշը կբարելավվի՞:
-Պետք է նշել, որ սքրինինգային հետազոտությունները լիովին անվճար են: Մենք հորդորում ենք մեր սիրելի կանանց, մայրերին և քույրերին անցնել հետազոտություն` հիշեցնելով, որ դիմողները հիվանդության առաջացման նախանշանները գուցե չեն նկատում, քանի որ հատուկ կլինիկական նախանշաններ չկան: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բուժհաստատությունները նույնպես շահագրգռված լինեն մարդկանց հետազոտության հարցում։ Բժիշկների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսված է նաև խրախուսական վարձատրություն՝ սահմանված շեմի նվազագույն սահմանի չափով մասնակցություն ապահովելու դեպքում։ Համոզված, որ ծրագրի արդյունավետությունը կարող է մեծ լինել, եթե այն ստանա հանրային աջակցություն և բնակչության մասնակցության բարձր ցուցանիշ: Իսկ դրան հասնելու համար ծրագրի շրջանակներում արդեն հաջորդ ամսից կիրականացվեն հանրային իրազեկման միջոցառումներ:
Աղբյուրը՝ Tert.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սկրինինգ ծրագրեր. որ «դանակը ոսկորին չհասնի…»
Աբորտների թիվը Հայաստանում նվազել է, բայց դրանց հետ կապված բազմաթիվ հարցեր կան
«Ոչ մի կին, մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում»…
“Կանայք պետք է ավելի գրագետ մոտենան իրենց առողջությանը”
“Հայ կինը անբարյացակամ է իր առողջության նկատմամբ”…
Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ախտորոշվում է ժամանակին եւ ճիշտ…
«Գուցե հոգեբանորեն ծանր է հետազոտվելը, սակայն առանց դրա կարող է ուշ լինել»…
Դիտումների քանակը` 4075