«Ավազե ամրոցներն» օգնում են մոռանալ պատերազմը

«Ավազե ամրոց»  զարգացման  և ավազով նկարչության կենտրոնում   մեկամսյա դասընթացներ են իրականացվում   սիրիահայ 21 երեխաների համար: Դա «ԿԱԶԱ» շվեյցարական  մարդասիրական հիմնադրամի  և  ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան  գրասենյակի  աջակցությամբ կյանքի կոչվող  ևս  մեկ ուշագրավ գաղափարներից   է: 

Կենտրոնի տնօրեն և հոգեբան Կարինե Հարությունյանը  WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց  հիմնական  նպատակը անձի՝  տարիքին  համապատասխան  բնականոն  զարգացումն է ներդաշնակ և անկաշկանդ  մթնոլորտում, ինչը կնպաստի երեխաների ստեղծագործական  պոտենցիալի զարգացմանը, կօգնի ինտեգրվել  հասարակությանը,  ձերբազատվել հնարավոր բացասական  հույզերից: «Ավազե ամրոցը»  իր տեսակի մեջ յուրահատուկ հաստատություն է` արվեստի շնչով ողողված մի վայր, որտեղ ամեն մեկն ունի անձնային որակների և հմտությունների իր ուրույն պաշարը: Կենտրոնի առաքելությունը անձի ներդաշնակ զարգացման  համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է, որտեղ ընդգծվում է յուրաքանչյուրի  անկրկնելիությունը, ինքնատիպությունն ու ստեղծագործական պոտենցիալը:

 

–          Երկու-երեք տարի առաջ Սիրիայից  ներգաղթած մեր հայրենակիցները  ու նրանց երեխաները  հոգեբանական  տեսանկյունից  համեմատաբար հանգիստ էին վերջին  շրջանում եկածների համեմատ: Վերջիններս բոլորովին այլ կերպ են  ընկալում Հայաստանը,  քանի որ նրանց  համար խնդիր է  ոչ միայն  միջավայրին համակերպվելը ու  խոսակցական լեզվի տարբերությունը, նրանք նաև բազում հոգեբանական    խնդիրներ ունեն , որոնց  հաղթահարման  համար մեզանից մեծ ջանքեր են պահանջվում: Երեխաներին, ովքեր ռմբակոծությունների ականաատես են եղել, հանգստացնող թերապիա է պետք: Թեև Հայաստանում  սիրիահայ երեխաներն  ապահով են, այնուհանդերձ նրանց  տանջում է  Սիրիայում  մնացած հարազատների հանդեպ կարոտի զգացումը: Ոմանք պատերազմի ավարտից  հետո  ցանկանում են  վերադառնալ Սիրիա, ավելի փոքրիկները շատ արագ ինտեգրվել են  միջավայրին և  նրանց այստեղ շատ է դուր գալիս:

 

Կարինե Հարությունյանի ներկայացմամբ  ավազով նկարելու գաղափարն ինքնանպատակ չէ:  «Ավազը բնական նյութ է, որը զարգացնում է մանր մոտորիկան և ակտիվացնում գլխուղեղի աշխատանքը։ Այն ունի մագնիսական ուժ և հզոր ռելաքսացիոն  ազդեցություն ։ Ավազով խաղի օգտակար դերն էլ ավելի ընդգծվեց, երբ 20-րդ դարի սկզբին բացահայտվեցին դրա դրական ազդեցությունը և կիրառման հնարավորությունները հոգեբանության ոլորտում`զարկ տալով ավազաթերապիայի զարգացմանը: Ավազից բացի երեխաները կարող են աշխատել նաև խմորով, գուաշով, կավով, բնական նյութերով և գունավոր ավազով, դա ևս ստեղծագործականության և մտքի ճկունության զարգացման կարևոր նախապայման է»:

 

«Ավազե տնակ»-ի նկարչության սրահում մենք հանդիպեցինք  Հակոբին , Աբրահամին ու փոքրիկ Լալային, ովքեր նկարիչ-մանկավարժի  օգնությամբ ու ցուցումներով լուսավորված սեղանի վրա ոգևորված ավազե  պատկերներ էին  նկարում, հետո արագ ջնջում ու նկարում  մեկ այլ պատկեր:

Թեև Հակոբին  չի  հաջողվում  ստանալ  կատարյալ պատկերներ, սակայն ավազի հետ շփումը նրան  հաճելի է: Գերադասում է ճարտարապետական  կառույցներ նկարել,  միշտ էլ  սիրել է ավազի հետ խաղալ,  և հետո,  ի  տարբերություն մատիտի,   այն դյուրին է  ջնջել ու մեկ այլ պատկեր նկարել: Յոթ  շաբաթ հաճախել է  պարապմունքներին, ու թեև  ծրագիրն արդեն ավարտվել է, այնուհանդերձ կցանկանար մասնակցեր մեկ այլ  ծրագրի: Երազում է  տանն ունենալ ավազով լեցուն սեղան ու նկարել, միշտ նկարել: Սիրիայի մասին  խոսել  չի ցանկանում, ըստ երևույթին, ոչ բոլոր  հուշերն են հաճելի:

Իսկ ահա, 9-րդ դասարանի աշակերտ Աբրահամը սիրում է նկարել Սիսն ու Մասիսը, արագիլներին, նկարում է  վարժ, թեև սա  կենտրոն  կատարած իր առաջին այցելությունն է: «Ես  միշտ  կհաճախեմ պարապմունքներին: Սիրիայում ես նկարչությամբ  չէի  զբաղվում, նման  բան  չկար այնտեղ,  հիմնականում  զբաղվել եմ սպորտով: Ապրում ենք Աբովյան քաղաքում, սակայն սպորտային  պարապմունքների համար  գալիս եմ Երևան,  բայց  ինձ Աբովյան քաղաքն ավելի է դուր գալիս, այնտեղի օդը մաքուր է, թեև Երևանում  շատ կուզեի  ապրել»,-ասում է Աբրահամը:

 

Փոքրիկ Լալան՝ Աբրահամի 9-ամյա քույրիկը ծառեր, այգիներ, Արարատն  է  նկարում: Այնտեղ, Սիրիայում սիրում էր  խաղալ  ավազի հետ, ամրոցներ էր կառուցում, հետո  քանդում ու նորից  կառուցում: Հիշում է, թե ինչպես էր  ռմբակոծության  ժամանակ  մտնում  սեղանի տակ: Թեև այստեղ գիշերները հանգիստ քնում է, սակայն մոր՝ Տիգրանուհի Կարապետյանի խոսքով «սկսել են փնտրել Հալեպի օրերը»:

 

–          Հաճախ եմ  լսում՝  մենք  տուներներիս երթայինք, ես  իմ  մահճակալի  վրա  կուզեմ քնել, մինչև երբ կառավաթներուն  վրա  պառկիմ,  ես  Հալեպը կուզեմ, աղջիկս  կըսե՝ ես  իմ Հալեպի  խաղալիքներս  կուզեմ: Աշխատում եմ  համոզել, բացատրել, որ այստեղ  ապահով ենք, որ ռումբեր չկան, իրենք  չեն  հասկնա,  կնեղվի,  կուլա, թե ինչի ինձի հոն  լավ կնայեիք, հոս՝չէք նայիր կոր: Ինձի  ետ տարե, ես  տատիկիս, քեռիիս  ու մորքուրիս կարոտցա: Առավելությունն այն է, որ հոս  հանգիստ կքնանանք: Տղաս էլ  մեկ-մեկ  կխենթանա,  կըսե պիտի երթամ Հալեպ, թեև մեր տան  տեղը պատերազմի դաշտ է:

 

Հոգեբանական զրույցների միջոցով կենտրոնի հոգեբան –մանկավարժները փոքրիկներին հնարավորություն են  տալիս պատմել իրենց նոր միջավայրի,  նոր տպավորությունների,  նոր ընկերների մասին,  , ու թեև փոքրիկների մոտ պատերազմի հետ կապված  նախկին  տագնապն ու տհաճ հուշերը լիովին չեն  վերացել,այնուհանդերձ երկարատև ու համբերատար զրույցների ու խաղերի միջոցով  հնարավոր է դառնում նվազեցնել դրանց ազդեցությունը: Այդ առումով  կենտրոնում իրականցվող ծրագրերը արդյունավետ են հոգեբանական բազմաթիվ խնդիրների՝վախերի, շփման դժվարությունների, հուզական խանգարումների, վարքաբանական ոլորտի խնդիրների, կոնֆլիկտների դեպքում:

«Ավազե ամրոց»  կենտրոնի հոգեբանները հատուկ ուշադրություն են  դարձնում ծնողավարության  ծրագրերին,  ծնողների հետ աշխատանքին, որոնց  ընթացքում նրանք  հանգամանալից  ներկայացնում են  երեխաների հետ տարվող աշխատանքների ընթացքն ու արդյունքները, խորհուրդներով ուղղորդում ծնողներին՝ նոր միջավայրում հայտնված  երեխաների հետ ճիշտ վարվեցողության վերաբերյալ:

 

Նման  հանդիպումներին երբեմն ներկա են գտնվում նաև ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի արտաքին կապերի և հասարակական  տեղեկատվության  համակարգող Անահիտ Հայարապետյանը և  «Փախստականների ինտեգրացիա կրթության  միջոցով» ծրագրի  Մարինե Թունյանը, ովքեր հետաքրքրված են ոչ միայն  ծրագրի արդյունավետությամբ, այլ   նաև ծնողների դիտողություններով և առաջարկություններով, որոնք կներառվեն  հետագա  ծրագրային դրույթներում:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 5989

Գլխավոր էջ