«Աստված, պահպանիր որդուս»…

 

 

-Իմ կյանքը բաժանվում է երկու մասի` մինչև 90 ականների պատերազմը և դրանից հետո,- ասում է տիկին Երանուհին, – այն օրերը ինչ  եմ ապրել` չեմ ուզում հիշել… 

 

 

Տիկին Երանուհին ապրում է Տավուշի մարզի Չ. գյուղում, նրա որդին մասնակցել է մարզի սահմանների պաշտպանությանը  ադրբեջանական զորքերի հարձակումներից: Նա   հազվադեպ է խոսում այդ օրերի դժվարությունների և հատկապես իր ապրումների մասին, նույնիսկ չուզեց  որ  իր լուսանկարը տպագրվրի .

 

 

– Մինչև պատերազմը ապրում էինք առօրյա հոգսերով, չէինք էլ մտածում, թե ապրում ենք սահմանի վրա, թշնամի ունենք, կամ մեզ կարող է վտանգ սպառնալ, այդ առումով մի տեսակ անհոգ էինք և ապահով, բայց ամեն ինչ փոխվեց և հատկապես այն օրը, երբ իմ որդին ներս մտավ և ասաց. «Տաք շորերս դրեք ուսապարկի  մեջ`   գնում եմ սահման»:  Մի պահ մթնեցին աչքերս, ոտքերս թուլացան, մտքերս խառնվել էին գլխումս, ա˜խր ինչպես գնա, իմ միակ որդին, իմ հույսը, իմ ամենամեծ ուրախությունը, ինչպե՞ս մենք կապրենք առանց նրա, ի՞նչ կլինի նրա հետ, ո՞նց կարող է թողնել իր ջահել կնոջն ու երկու փոքր երեխաներին: Մի պահ մտածեցի վազեմ դեպի դուռը, ձեռքերով բռնեմ դռան շրջանակը և բղավեմ. «չե´մ թողնի, չե´մ թողնի գնաս»,  իսկ եթե չլսի ինձ, ուրեմն կասեմ. «սպանի´ր ինձ, հետո գնա»:

 

 

Երևի տղաս հասկացավ մտքերս, մոտեցավ, գրկեց ինձ և ասաց. «Հեռու չեմ գնալու, մամ ջան, մեր շրջանում եմ լինելու, միգուցե կողքի գյուղում, շուտ-շուտ տուն կգամ, մի մտածի, ու մի բան էլ, չհամարձակվես լացել, ողջերի համար չեն լացում»: Այս խոսքերից  մի տեսակ ոգևորվեցի և մոռանալով նախորդ մտքերս, հիմա էլ մտածում էի. բա ոնց, թող գնա, թող  կռվի, պաշտպանի իր հայրենիքի սահմանը: Ամենքն էլ իրենց մոր որդիներն են, եթե ամենքը չգնան, վախենան, խնայեն իրենց, մենք էլ կորած ենք ուրեմն, թշնամին կգա, կկոտորի մեզ, ինչպես հաճախ է եղել:

 

 

Այս մտքերով էլ  հարսիս  հետ միասին հավաքում էինք տղայիս իրերը, երբ ուսապարկը պատրաստ էր հանկարծ հիշեցի, տարիներ առաջ,  երբ գյուղցիներով սար էինք գնացել հնձի, օրվա վերջում ես մենակ նստած էի բեռնատարի թափքի մեջ և սպասում էի  մյուսներին, հանկարծ մեքենայի ակի տակից քարը պոկվեց և մեքենան սկսեց ամբողջ թափով իջնել սարն ի վար, ես մտածեցի, որ կորած եմ, բայց մի քանի հարյուր մետր իջնելով մեքենան ամբողջ թափով հարվածեց մի մեծ քարի և կանգնեց, ինձ ոչինչ չէր պատահել: Բոլորը զարմացել էին, իսկ մի տարիքով կին, նայելով վզիցս կախված Մարիամ Աստվածածնի պատկերոն ոսկյա մեդալյոնին ասաց. «աստծու զորությունը քեզ փրկեց»… Մտածեցի, այս մեդալյոնը  փրկել է ինձ, ուրեմն կփրկի նաև որդուս: Հարսիս ասացի, որ գնա մի քիչ էլ ուտելիք բերի ուսապարկի մեջ դնելու համար, իսկ ես դատարկեցի շորերը, քանդեցի աստառը, մեդալյոնը հանեցի վզիցս ու կարեցի ուսապարկի ներքևի կոշտ մասում:

 

 

Բաժանումը շատ դժվար էր, տղայիս խոսքերից հետո ստացած վճռականությունը հօդս ցնդեց, հենց այն պահին, երբ  տղաս ուսապարկը ուսին գցեց: Հարսս, ամուսինս հրաժեշտ էին տալիս նրան, երեխաները անհոգ խաղում էին չհասկանալով, թե ինչ է կատարվում, իսկ ինձ համար աշխարհում ամեն ինչ կենտրոնացել էր որդուս մեջ, ես զգում էի, որ ինձանից խլում էին կյանքիս իմաստը, տանում են այն ինչն ինձ անհրաժեշտ էր ապրելու, շնչելու համար: Երկար գրկել էի տղայիս ու բաց չէի թողնում, այնքան մինչև նա ասաց. «Մամ ես պիտի գնամ, թող ինձ», ես բաց թողեցի նրան գրկիցս, բայց ամուր բռնել էի բազուկից, տղաս մեղմ կրկնեց. «Մամ ջան, դե թող, սպասում են տղերքը», մի պահ թողնելով բազուկը նայեցի նրա վճռականությամբ լի աչքերին, գրկեցի համբուրեցի և  թողեցի… Այդ պահին նույնիսկ մի տեսակ հպարտություն զգացի, մանավանդ, երբ  ամուսինս մոտեցավ ինձ և ասաց. «Հպարտ եղիր լավ տղա ես մեծացրել, հայրենասեր է և վախկոտ չի»…

 

 

Երբ նրան դարպասից ճանապարհում էինք, արցունքները  եկել ու դեմ էին առել կոկորդիս, բայց չէի լացում և անընդհատ հիշում էի նրա խոսքերը. «չհամարձակվես լացել, ողջերի համար չեն լացում»: Այդ օրը ես ծերացա, փոխվեցի, դարձա ուրիշ մարդ:

 

 

Տղաս կատարեց իր խոստումը հաճախ էր տուն գալիս, շաբաթը մեկ-երկու անգամ, լողանում էր, հաց ուտում, փոխում հագուստը և նորից գնում: Մեր գյուղը անմիջական սահման չունի, դրա համար էլ նա պաշտպանում էր հարևան գյուղի սահմանը: Նրա ամեն գալը ինձ համար տոն էր, երջանկություն, ամեն գնալը` նույնպիսի տառապանք, ինչպես առաջին անգամ: Այսպես ապրեցինք մինչև պատերազմի վերջը:

 

 

Հիմա որդիս Հայաստանում չի, արդեն մոտ 15 տարի է ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում և չնայած մեզ անընդհատ ուզում է տանել իր մոտ, բայց մենք չենք գնում: Ես էլ, ամուսինս էլ սովորել ենք մեր գյուղին, ապրում ենք այստեղ, մշակում մեր այգին, նա էլ մեզ տարին մեկ անգամ այցելության է գալիս, իհարկե դժվար է այսպես ապրել, բայց կյանքն է ստիպում:  Որդուս համար սիրտս հիմա էլ հանգիստ չի, ամեն օր լսում ենք, թե Ռուսաստանում ինչեր են կատարվում  և ամեն օր աղոթում, որ աստված պահպանիր նրան…

Կարինե Պետրոսյան

P.S. Լուսանկարը՝ ինտերնետի բաց ռեսուրսներից

Դիտումների քանակը` 3664

Գլխավոր էջ