«Ասա գնանք մեռնենք էլի՝ կինը պետք է գա մեզ ղեկավարի»…
Թեև անկախության սերունդը մեծամասամբ` հավասար հնարավորությունների կողմնակից է, բայց պատահում են նաև այլ կարծիքներ:
Անին, Տաթևիկը, Գևորգը, Տիգրանը, Մարին և Գոռը ՝ մեր 20-ամյա երկրի տարեկիցն են, պետության ապագան ու հույսը: Նրանց հետ մեր զրույցը կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և 21-րդ դարում առանց խտրականության ապրելակերպի մասին է:
Անի Մաթևոսյանը սովորում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում: Ասում է` իր համար անհասկանալի է, երբ քննարկում են` արդյո՞ք կանայք և տղամարդիկ հավասար են կամ կարո՞ղ է կինը զբաղեցնել նույն պաշտոնը, ինչ տղամարդը:
«Մեր ընտանիքում երբեք նման հարցեր չեն առաջացել: Հայրս զբաղվում է բիզնեսով, մայրս ջութակահար է, մասնակցում է համերգների, հաճախ մեկնում արտասահման, սակայն հայրս երբեք չի ընդդիմանում: Մեր ընտանիքում միշտ եղել է սեռերի իրավահավասարություն և հայրս երբեք չի կասկածել, որ մայրս կարող է ավելիին հասնել և միշտ նրան օգնել է»:
Իր ընտանիքի փորձը ներկայացնելով` Անին հավելում է, որ ցանկացած ոլորտում կինը կարող է իրեն շատ լավ դրսևորել ու հասնել բարձունքի:
«Կին թե տղամարդ որևէ տարբերություն չկա: Կան կանայք, որ խելացի են, ճարպիկ, նախաձեռնող և գործունյա: Նման կինը չի կարող զբաղվել բիզնեսով կամ քաղաքականությամբ, իսկ անգրագետ տղամարդը կարո՞ղ է», – ասում է նա` հավաստիացնելով, որ եթե խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում լինեն խելացի, հայրենասեր ու նպատակասլաց կին քաղաքական գործիչներ` կքվեարկի նրանց օգտին:
Տաթևիկը Հարությունյանը ոչ միայն կողմ է հավասար հնարավորություններին, այլև խոստանում է` ինքն է լինելու հանրապետության առաջին կին նախագահը:
«Իսկ կանայք ինչո՞վ են պակաս կամ տղամարդիկ առավել: Պետք է հավասար դաշտ ու պայմաններ ստեղծել բոլորի համար: Մեր կուրսում կան և խելացի տղաներ և տգետներ: Կան զարգացած աղջիկներ և կան անգրագետներ: Պետք է հավասարապես օժանդակել խելացիներին` անկախ սեռից», – ասում է նա:
Տիգրան Մնացկանյանի ծնողները բաժանվեցին, երբ նա 6 տարեկան էր: Տիգրանը հորը գրեթե չի հիշում: Նրա մասին ոչ մի նորություն չունի: 14 տարվա ընթացքում հայրը գեթ մեկ անգամ չի զանգահարել, չի հարցրել, թե ինչպես է որդին: Տիգրանի մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է, երկու անգամ արժանացել է դպրոցի, այնուհետև Երևանի լավագույն ուսուցչուհի կոչմանը: Տիգրանը հիշում է, որ մայրը արտահերթ մաթեմատիկա էր պարապում աշակերտների հետ, որպեսզի ինքն ու քույրը բարեկեցիկ կյանքով ապրեին, ուսում ստանային:
«Նրանց, ովքեր ասում են, որ կանայք չպետք է ունենան նույն հնարավորությունները ինչ տղամարդիկ, հարցնում եմ, իսկ կարելի՞ է կնոջը մենակ թողնել, որպեսզի նա երկու անչափահասի մեծացնի, կրթություն տա, բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծի: Եթե կինը կարողանում է դժվար կացությունից դուրս գալ, ապա նա ոչ միայն կարող է, նրան պետք է վստահել պաշտոններ, կառավարում: Տղամարդիկ կարող են, իսկ կանայք` ո՞չ: Ինձ համար այս մոտեցումն անընդունելի է: Եթե ապագայում էլ ընտանիք կազմեմ, ապա իմ ընտանիքում պետք է տիրի ժողովրդավարություն, հավասարություն»,- ասում է Տիգրանը:
«Դեմոկրատիա չկա ու չի կարող լինել: Դեմոկրատիան ֆրանսիացիներն են հորինել ու ամբողջ աշխարհի վզին փաթաթել»: Սա էլ Գոռ Ենոքյանի տեսակետն է: Նա կտրականապես դեմ է, որ կինը աշխատի: «Հավասար հնարավորություններ չկան ու չեն կարող լինել»,- ասում է նա: «Չկան որովհետ դարն էսպիսին է: Եղել է ու կլինի` տղամարդը ղեկավար, թելադրող, կինը` կատարող»,- ասում է նա: Գոռը չի թաքցնում սարկազմը, երբ հարցնում ենք կին ղեկավարի, քաղաքական գործչի, հմտությունների ու գիտելիքների ներկայացման հավասարդաշտ ստեղծելու մասին: «Նման բան չկա: Ես որ չեմ աշխատի, եթե իմ տնօրենը կին լինի: Ասա գնանք մեռնենք էլի, կինը պետք է գա մեզ ղեկավարի»:
«Պետությունը մեծ օգուտ կստանա, որովհետև կանայք հսկայական ռեսուրս են, նրանց մեծ մասը խելացի է, ուսում է ստացել և բացի սերունդ ապահովելուց կարող է երկրի համար կարևորագույն հարցերում օգտակար լինել»՞ – համոզված է ապագա դիվանագետ Գևորգ Բաղդասարյանը:
Զրույցը վարեց Հասմիկ Հարությունյանը
Դիտումների քանակը` 4081