«Ապօրինի շինարարության դեմ պայքարում էին հիմնականում կանայք»…

 

Այս դիտարկումն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ արեց  «Նախախորհրդարանի» անդամ , ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով   այս օրերին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ  պայքարող բնակիչների կողքին էր:

 

«Հետաքրքրական է, որ ապօրինի շինարարության դեմ  15 օր շարունակ պայքարում էին հիմնականում կանայք, իսկ շրջակա շենքի բնակիչ-տղամարդիկ գալիս են միայն օրվա վերջում, կանանց հարցնելով` «Հը, ի՞նչ արեցիք»: Կանայք երկու շաբաթում, փաստորեն, քաղաքացիական կայացման լուրջ դպրոց անցան», – նկատեց Խզմալյանը:

 

Ասուլիսի մյուս բանախոս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Կոմիտասի 5-ի երեկվա բախումների և արդեն շուրջ երկու շաբաթ ընթացող ակտիվ քաղաքացիական պայքարի մասին  ասաց,  որ  բնակիչների պայքարն արդարացի է և տեղին:
«Օրինական բուն գործընթացը` շինարարությունը, պետք է սկսվեր միայն քաղաքացիների հետ բանակցություններից հետո: Միակ բանը, որ կարողացա անել տվյալ հասցե հասնելիս, զանգեցի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` ոստիկանների և բնակիչների միջև բախումներ թույլ չտալու համար: Քաղաքացին չի կարողանում ընկալել, թե ինչու այն դեպքում, երբ ինքն իրավացի է, կառուցապատումն իրականանում է ապօրինաբար, ոստիկանությունը գալիս, կանգնում է կառուցապատողի կողքին»,- ասաց նա:

 

 

Տիգրան Խզմալյանն իր հերթին նշեց, որ ի դեմս Կոմիտաս 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության` բոլորս ականատես ենք օրենքի խախտման: Նրա խոսքով  արդեն բնակեցված շենքի շրջակայքում մեկ այլ բարձրահարկ շենքի շինարարությունն օրենքի խախտում է,եւ  այն մարդն, ով թույլատրել է շինարարությունը, ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ է անում:

 

 

Անդրադառնալով իր՝ երեկվա ժամանակավոր ազատազրկմանը` Խզմալյանն ասաց, որ այդ փաստը բավականին անհետաքրքիր է և տեղեկատվական առիթ չէ, փոխարենը հետաքրքիր է այն, ինչ կատարվում է այս օրերին Կոմիտասի 5-ում:

 

 

Խզմալյանի կարծիքով` բնակիչները, ովքեր առաջ ոչ մի բանի վրա հույս չէին դնում, ոչ ոքի և հենց իրենք իրենց ուժերին չէին հավատում, այս 15 օրվա ընթացքում դիմադրության շատ լավ դպրոց, կարելի է ասել քաղաքացիական լուրջ համալսարան են անցել:

 

 ***

 

Ի դեպ, հայտնի է դարձել երեկ Կոմիտաս 5 հասցեում տարեց  կնոջը հրած ու գետին տապալած ոստիկանի անունը.  նա Արսեն Ապերյանն է: Ըստ տեղեկությունների, խնդրի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել:  Այսօր, ոստիկանությունը հայտարարություն է տարածել  Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որտեղ  մասնավորապես ասված է

 

 

Երևանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների և տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջև օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի  կապացությամբ ոստիկանությունը հայտարարում է,  որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողի և մասնակից կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են, ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:

 

 

Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝  և՛ կառույցի սեփականատիրոջը, և՛ շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով…

 

 

Դիտումների քանակը` 6097

Գլխավոր էջ