«Ապրել եմ ուզում». երիտասարդները ընդդեմ պտղի սեռով պայմանավորված աբորտների

 

Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողները 

կպայքարեն   պտղի սեռով  պայմանավորված հղիության ընդհատման դեմ:

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի/ ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության  կողմից հայտարարված  դրամաշնորհային մրցույթի շրջանակներում`  «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:

 

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Արմինե Բարսեղյանը նշեց, որ ծրագրին կմասնակցեն 38 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական մարմիններում ակտիվ մասնակցություն ցուցաբերած 5-ական  ուսանողներ ու մանրամասնեց. « Նրանք հետագայում ստացված տեղեկատվությունը, տեղեկատվական բուկլետներն ու պաստառները կտարածեն իրենց ընկերների շրջանում:  Ծրագրի հիմնական նպատակն է պայքարել սելեկտիվ` պտղի  իգական սեռով պայմանավորված աբորտների դեմ»:

 

Մեկ ամսվա ընթացքում ուսանողները կունենան հինգ հանդիպում ՄԱԿ-ից, բուհերից, հոգևոր դաշտից հրավիրված մասնագետների հետ, որոնց ընթացքում կստանան տեղեկատվություն երևույթի բացասական հետևանքների մասին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

 

ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով պատասխանատու Մհեր Մանուկյանը, խոսելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին, ասաց.

 

«Ոչ միայն ուսանողների, այլև ողջ հայ հասարակության շրջանում աշխատելու խնդիր ունենք: Երևույթի մասին նոր-նոր են սկսել խոսել, և մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ողջ ՀՀ տարածքում կա տղա երեխայի խիստ  արտահայտված նախընտրություն: Ուստի պիտի աշխատենք բոլոր շերտերի հետ, և ունենք գիտակցություն փոխելու խնդիր»: Պարոն Մանուկյանը նշեց, որ հատկապես երիտասարդների հետ պիտի աշխատել այն պատճառով, որ ռիսկային խումբը նրանք են. նոր ընտանիք պիտի կազմեն և պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:

 

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանը կարեւորելով ծրագրի նշանակությունը երիտասարդների համար շեշտեց, որ  սելեկտիվ աբորտների դեմ պայքարը  ազգապահպանության խնդիր ունի:

 

Աղբյուրը՝  Հայստանի երիտասարդական հիմնադրամ

Դիտումների քանակը` 4761

Գլխավոր էջ