«Ապրել բնության մեջ ու բնության հետ»…
Արագածոտնի մարզի Կոշ գյուղից դուրս, ազատ հանդամասում ստեղծած անասնապահական ֆերմայի բակում նստած զրուցում եմ ֆերմերուհի Մետաքսյա Պետրոսյանի հետ, ում թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը առաջադրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Արագածոտնի մարզպետարանի ներկայացմամբ:
Նուրբ ու գեղեցիկ դիմագծերով երիտասարդ կնոջ մաքուր ու կոկիկ տեսքից զարմացած եմ, չէ՞ որ առավոտից երեկո անասնագոմում է, ուր աշխատանքին վերջ չկա, այդ ինչպե՞ս է կարողանում այդպիսին մնալ: Ու երբ նրա հետ մտնում եմ անասնագոմ, հասկանում եմ, որ ինչպես մարդն է, այնպես էլ իր գործն է: Իսկ այնտեղ տիրում է կատարյալ մաքրություն, մի կողմում կաթնատու կովերն են, մյուս հատվածում` հորթերը, քիչ հեռվում լուռ ու հեզ ցուլն է, իսկ ողջ «միջանցքով» ճեմում են աղավնիները, որոնք հենց այդտեղ էլ բույն են հյուսել: Ուստի զարմանալի չէ, որ «Աշտարակ կաթ» կազմակերպությունը նախընտրում է Մետաքսյայի ֆերմայի կաթը, իսկ համագյուղացիներն ու հեռավոր ծանոթները` տավարի միսն ու նրա պատրաստած պանիրը: Գիտեն` ումից են գնում, համոզված են, որ գնված մթերքն անարատ է ու մաքուր, որովհետև անասունները սնվում են միայն ժամանակին սեփականաշնորհած հանդամասի խոտով:
Երբ Կոշ գյուղ հարս եկավ, ընդամենը երեք կով ունեին: Դժվար տարիներ էին, երեխաները (երկու տղա, մեկ աղջիկ) մեծանում էին, հոգսերն էլ` նրանց հետ: Գյուղում աշխատանք չկար, թեև այսօր էլ վիճակը նույնն է, ամուսինը` Վաչիկն էլ որոշեց վերջ տալ արտագնա աշխատանքին, քանի որ բերած երկու կոպեկը վերջանալուն պես դարձյալ նույն խնդիրների առաջ էին կանգնում:
Սակայն Մետաքսյան այն կանանցից էր, որ «քար» դառնար ամուսնու վզին, այլ փորձում էր մաքրել նրա ճանապարհը քարերից… Երկար-բարակ կշռադատելուց հետո որոշեց սկեսրայրին, սկեսրոջն ու ամուսնուն հայտնել իր նախաձեռնության մասին` զբաղվել անասնապահությամբ, կառուցել անասնագոմ ու ավելացնել անասնագլխաքանակը: Նրա վճռականությունն ու համարձակությունը վստահություն էին ներշնչում, ուստի տան մեծերը չառարկեցին, իսկ ամուսինը մի քիչ չեմուչումից հետո որոշեց «միս ու արյուն տալ» կնոջ գաղափարին, ու մեկմեկու աջակցելով ստեղծեցին իրենց ֆերման: Երբ Մետաքսյային հարցրի, թե ամուսինն ինչ մասնագիտություն ունի, պատասխանեց. «Ամուսինս մասնագիտությամբ Մարդ է»:
Այսօր ֆերմայում կան շուրջ 50 գլուխ կով, հորթ, երինջ ու ցլիկ, սակայն Մետաքսյան եղածով չի սահմանափակվում, նա միաժամանակ զբաղվում է նաև այգեգործությամբ: Ավելի քան 3 հեկտար հողատարածքի վրա մշակվող խաղողը, խնձորը, դեղձը, տանձը, ընկույզը, թուզն ու հոնը նույնպես գետնին չեն մնում, ու քանի որ բերքատու հողի բերքն էլ համեղ է լինում, ուստի դրանց հաճախորդներն անհամբեր սպասում են «սեզոնի» բացմանը:
Երբեմն դժվարություններ են լինում` անասունն է հիվանդանում, հոսանքն է անջատվում, ոռոգման ջուրն ուշանում, բայց, դե, այդ ամենը հաղթահարելի են:
– Եթե մեկն ասի` պրոբլեմ չունի, ուրեմն նա չի աշխատում կամ խուսափում է աշխատանքից, թե չէ ինչպե՞ս կարող է աշխատող մարդը պրոբլեմներ չունենալ, հենց դրանց հաղթահարման մեջ է հաջողության բանաձևը,- ասում է Մետաքսյան՝ պատմելով ընտանիքի նիստուկացի մասին: – Աղջկաս ամուսնացրել եմ, տղաներս մեր լրացուցիչ ձեռքերն են, օգնում են ամեն ինչում: Ես նրանց խելքուխրատ չեմ տալիս, մեր օրինակը նրանց համար խրատ է, երբեմն նրանց առաջարկած գաղափարները մերինից պակաս չեն, գլուխներն աշխատում են: Դա լավ է, կյանքում չեն խեղճանա:
Բոլորի նման Մետաքսյան էլ երազանք ունի՝ ցանկանում է ընդլայնել անասնագոմը, հավ ու խոզ պահել, սեփականաշնորհած հողատարածքներն արդյունավետ օգտագործել ու հենց այստեղ էլ քարե տուն կառուցելով՝ ապրել բնության մեջ ու բնության հետ:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»
«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»
«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ
Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ
Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում
«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»
«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…
«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»
«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ
«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ
«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 4448