«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.
85 ամենահարուստ մարդկանց ունեցվածքն այնքան է,
որքան 3.5 մլրդ ամենաաղքատներինը՝ միասին վերցրած
Այս աղմկահարույց փաստի վրա են ուշադրություն դարձնում «Աշխատելով մի քանիսի համար .Քաղաքականության զավթում և տնտեսական անհավասարություն» հունվարին հրապարակված զեկույցի հեղինակները: Զեկույցը պատրաստվել է Օքսֆամ բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ հետազոտողների կողմից եւ հրապարակվել այս տարվա Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ:
Ուսումնասիրության արդյունքները ապշեցուցիչ են՝ աշխարհի ամենահարուստ 1 % – ին է պատկանում աշխարհի հարստության 46 %-ը:
Ամենահարուստ 10 %-ին է պատկանում հարստության 86 %:
Ամենաաղքատ 10 %-ը խրված է պարտքերի մեջ:
Աշխարհի յուրաքանչյուր տաս բնակիչներից յոթն ապրում են այնպիսի երկրներում, որտեղ տնտեսական անհավասարությունն անհամեմատ բարձրացել է վերջին 30 տարիների ընթացքում:
Այս զեկույցով Օքսֆամը փորձել էր կոչ անել բոլոր առաջնորդներին այս տարվա Դավոսում կայացած Համաաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ ստանձնել պարտավորություններ, որոնք անհրաժեշտ են աննդհատ աճող անհավասարության դեմ պայքարելու համար:
Համաշխարհային տնտեսական ֆորումը բնորոշեց տնտեսական անհավասարությունը որպես մարդկային առաջընթացին սպառնացող մեծ վտանգ, որն ազդում է սոցիալական կայունության վրա երկրների ներսում և սպառնում է անվտանգությանը գլոբալ մասշտաբով:
Հետազոտության հեղինակները նշում են, որ տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը ընդամենը մի քանի մարդկանց ձեռքերում մեծ վտանգ է ներկայացնում նաև քաղաքական և տնտեսական համակարգերի համար, և առնչվում է նաև այլ անհավասարությունների հետ՝ ինչպես, օրինակ, կանանց և տղամարդկանց միջև եղած անհավասարության: Արդյունքում քաղաքական ինստիտուտները թուլանում են և կառավարությունների ճնշող մեծամասնությունը ծառայում է տնտեսական էլիտայի շահերին՝ ի վնաս հասարակ մարդկանց: Իրականում տեղի է ունենում մեծահարուստների կողմից քաղաքական եւ տնտեսական լծակների զավթում, «հնարավորությունների զավթում», համարում են զեկույցի հեղինակները:
Սակայն ամենակարեւորը, որ այս փաստաթղթի միջոցով Օքսֆամը ցույց է տալիս. ծայրահեղ անհավասարությունը անխուսափելի չէ: Օրինակ են բերվում աշխարհի մի շարք պետություններ, որոնք իսկապես նվազեցրել են անհավասարությունը և զարգացրել են այնպիսի ներկայացուցչական քաղաքականությունը, որը շահավետ է և հարուստների, և աղքատների համար:
Զեկույցում զետեղված փաստերից ամենամեծ աղմուկն առաջացրեց այն, որ աշխարհի ամենահարուստ 85 մարդիկ ունեն նույնքան ունեցվածք, որքան 3.5 մլրդ ամենաաղքատները՝ միասին վերցրած: Անդրադառնալով այս փաստին հետազոտական խմբի ղեկավար Ռիկարդո Ֆուենտեսը փորձում է բացատրել ինչպես են նրանք հանգել այդ եզրակացության:
«Սա պարզ հաշվարկ է: Այնուամենայնիվ, մեծ ջանքեր են պահանջվել: Նախևառաջ, մենք ի սկզբանե մտադիր չէինք վիճակագրական շոկ առաջացնել, ինչպես պնդում էին շատ մեկնաբաններ: Փաստերն ինքնին բավականին շոկային էին: Ամենացնցողը հարստության համակենտրոնացումն է ամբողջ աշխարհում, և դա փաստ է: Փոխարենը, մենք ուսումնասիրել ենք մի շարք հասանելի տվյալների բազաներ եկամուտի և հարստության վերաբերյալ, և վերլուծել միտումները: Այս փաստը ուշադրություն գրավեց, սակայն մենք շատ ավելի լայն աշխատանք կատարեցինք նաև այլընտրանքային աղբյուրների ուսումնասիրության առումով: Հաջորդ քայլերից մեկը Ֆորբսի ցուցակին անդրադառնալն էր: Միլիարդատերերին անդրադառնալիս ես նախընտրեցի Ֆորբսը Բլումբերգի փոխարեն, քանի որ Credit Suisse –ն աշխատում է Ֆորբսի հետ, որն ավելի արժանահավատ է», – պարզաբանում է նա, նկատելով, որ կարիք չկա անարդարություններ հորինելու, եթե արդեն իսկ կյանքը լի է այդպիսի ռեալ անարդարություններով…
Ավելացնենք, որ բրիտանական The Guardian –ը բացահայտել է աշխարհի այդ 85 ամենահարուստներին անուն առ անուն, նշելով, որ թեպետ նրանք երբեք չենք օգտվում ավտոբուսներից, բայց կարող էին տեղավորվել մեկ երկհարկանի լոնդոնյան ավտոբուսում… Պարբերականը նաեւ շեշտում է, որ այդ ավտոբուսի ղեկին միայն տղամարդիկ են, իսկ կանանց համար նախատեսված է ընդամենը 7 տեղ, այն էլ ավտոբուսի ստորին հարկում…
The Guardian. «Ովքեր են այդ 85 ամենահարուստները» – ինֆոգրաֆիկան այստեղ
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ
Պատրաստեց Նունե Սրապյանը
Դիտումների քանակը` 5019