«Անպատրաստ մարդուն աշխատանքի վերցնել միայն այն բանի համար, որ նա կին է, սխալ է»…
– Համալսարանական կըթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի այս դիտարկումը հնչել է հոկտեմբերի 3-5 –ը Ջերմուկում անցկացրած Գյուղական համայնքների երրորդ համաժողովին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղական իքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, գյուղական համայնքների կայուն զարգացման բազմաբնույթ խնդիրները, այդ թվում նաև անդրադարձ է եղել կանանց ոչ բավարար ներկայացվածությանը ավագանիներում և համայնքների ղեկավարների պաշտոններում:
Հիշեցնենք , որ Հայաստանի ՏԻՄ համակարգում` ավագանիների կազմում կանայք ընդգրկված են 8.6 տոկոսով, 866 գյուղական համայքներից միայն 19-նն են կանայք ղեկավարում, իսկ քաղաքային համայնքների ղեկավարների պաշտոններում կանայք չկան:
Այս խնդրի համատեքստում ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարծիք հայտնեց, որ ՏԻՄ-երի համար ոչ այնքան կարեւոր են կրթական ցենզ սահմանելու մասին խոսակցությունները, որքան կարևոր է ձգտել ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը.
«Հայաստանում կրթվածության մակարդակը շահեկանորեն տարբերվում է շատ եվրոպական երկրներից` բնակչության 90 տոկոսից ավելին առնվազն ունի միջնակարգ կրթություն և շատ ուրախ եմ, որ այդ արժեքը մեր ընտանիքներում դեռ շարունակում է մնալ որպես առաջնահերթյուն: Բայց կարծում եմ, որ համայնքային խնդիրները լուծելու համար ոչ այնքան կարևոր է, որ ավագանու անդամը ունի բարձրագույն կրթություն կամ գիտական աստիճան, որքան այն, որ նա ամբողջ կյանքն ապրել է տվյալ համայնքում և շատ լավ գիտի համայնքի առանձնահատկություններն ու ավանդույթները», – ասաց տարածքային կառավարման նախարարը` նշելով, որ առավել ևս կանանց ներկայությունը նմանատիպ օղակներում ավելացնում է հոգատարությունը, խնդիրներին մի քիչ էմոցիոնալ նայելու ունակությունը, ավելի հետևողական լինելը և հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են երեխաներին, առողջապահությանը, մշակույթին.
«Տղամարդիկ սովորաբար ավելի գործնական խնդիրների վրա են ուշադրություն դարձնում` տեխնիկա չունենք, սերմացու-դիզվառելիք չունենք, էս-էն չունենք: Իսկ կանանց հետ շփումը բերում է մշակույթին առնչվող խնդիրների լուծմանը, մասնավորապես գրադարաններին, մշակույթի տներին, կրթօջախներին վերաբերող: Ու թեև սա չի նշանակում, որ համայնքների առաջնահերթությունների փոփոխություն կլինի, բայց կանանց ներկայությունը ՏԻՄ-երում յուրաքանչյուր համայնքի զարգացման համար ավելի բազմակարծիք է դարձնելու քննարկումները, որոշումները և դրանց որակը» ,- ընդգծեց Արմեն Գևորգյանն ու հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի կանանց թիվը ավագանիներում ավելանա, քանի որ, իր կարծիքով, «կանանց ներկայությունը կառավարման օղակներում միշտ բարություն է բերում»:
ՏԻՄ-երի վերջին ընտրություններին անդրադարձ կատարելով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը իր զեկույցում նշեց , որ որպես ավագանու անդամ առաջադրված 6650 թեկնածուների միայն 8 տոկոսն են կանայք եղել: Իր խոսքով, համաժողովի աուդիտորիան ինքը արտացոլում է ընտրությունների արդյունքները, երբ 812 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ վերջին ընտրություններում ընդամենը 10 կին համայնքապետ է ընտրվել, և դա այն դեպքում, որ Հազարամյակի զարգացման նպատակներով պետությունը պարտավորվել է մինճև 2015 թվականը ապահովել կանանց ներկայացվածությունը համայնքների ղեկավարների պաշտոններում առնվազն 10 տոկոսով:
«Ես շատ անհանգստացած եմ այն հանգամանքվ, որ քաղաքային համայնքներում վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի կին ղեկավար չի եղել և այսօրվա դրությամբ ունենք ընդամենը մեկ կին փոխքաղաքապետ: Օրինակ, Վաղարշապատը լուրջ մտավոր ներուժ ունի, բայց ոչ մի կին ավագանիում չկա: Ինձ շատ հետաքրքրում է` մեր քաղաքական այրերին դա բավարարու՞մ է», — նշեց բանախոսը, նկատելով, որ ժողովրդավարության տարածումը անհրաժեշտ է սկսել ներքևներից՝ ՏԻՄ-երից:
Քննարկման ընթացքում բավականին ուշագրավ երկխոսություն ծավալվեց ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Ջեմմա Հասրաթյանի միջև: Արմեն Գևորգյանի դիտարկմամբ՝ ՏԻՄ-երում ընտրությունից ընտրություն կանանց թիվը ավելանում է, կարծես թե, սառույցը կոտրվում է, բայց դեռևս գոհացուցիչ ցուցանիշներ չունենք:
«Ուզում էի հարցնել` ինչպե՞ց եք պատկերացնում իրատեսական այն մեխանիզմը, որը մեզ թույլ կտա` ոչ առաջիկա մեկ-երկու տարիներին և ոչ էլ ՏԻՄ հաջորդ ընտրություններին, բայց գոնե առաջիկա տաս տարիների ընթացքում թեկուզ մինչև 5,6, 7 տոկոս հասցնել կանանց մասնակցությունը ՏԻՄ-երի ղեկավար կազմում»,- հետաքրքրվեց Ա.Գևորգյանը:
Տիկին Հասրաթյանը նշելով, որ պատրաստվում են առաջարկություններ ներկայացնել այդ մեխանիզմների մասով և առաջարկներից մեկն այն է, որ հատկապես քաղաքային համայնքներում ընտրություններն անցկացվեն համամասնական համակարգով, ինչը կուսակցություններին կակտիվացնի կանանց ներուժը պատրաստելու առումով: Կարևորեց նաև մի շարք երկրների օրինակով՝ լուրջ աշխատանք տանել կադրերի պատրաստման ուղղությամբ.
«Պետական համակարգը ունի վերապատրաստման մեխանիզմներ, որոնք իրականացնում են որոշ գերատեսչություններ ու կառույցներ, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել նրանց ներկայացված մոդելները և ծրագրերը և շեշտը դնել լիդերության որակների ձևավորման վրա: Անձը կարող է շատ խելացի ու բազմակողմանի պատրաստված լինել, բայց կա մի խնդիր` նա պետք է ձեռք բերի համարձակություն, որպեսզի մասնակցի ընտրություններին: Սա շատ կարևոր է հատկապես կանանց դեպքում»,- նշեց Ջ.Հասրաթյանը:
Նրա խոսքով ՝ կարելի է սկզբի համար կիրառել նաև այն մոդելը, որ համայնքի բոլոր ղեկավարները որպես տեղակալներ վերցնեն կանանց: Ա.Գևորգյանն էլ հետաքրքրվեց` նախարարնե՞րի տեղակալներ էլ վերցնեն կանանց, սակայն Ջ.Հասրաթյանը վերապահումով մոտեցավ այս հարցին.
«Ես չէի ուզենա, որ անպատրաստ մարդուն ինչ-որ պաշտոն տան կամ աշխատանքի վերցնեն միայն այն բանի համար, որ նա կին է: Դա սխալ է և ի սկզբանե արժեզրկում է կանանց քաղաքական մասնակցությունը: Պետք է վերցնել այն կանանց, որոնք և գրագետ են, և ունեն համապատասխան ունակություններ ու լիդերության որակներ, որպեսզի կարողանան դիմակայել շրջապատին: Պետք է նաև պարզապես աշխատել կանանց հետ, սովորեցնել նրանց կիրառել իրենց գիտելիքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում», – ասաց Հասրաթյանը:
Նշենք, որ Գյուղական համայնքների երրորդ համաժողովը անցկացվել էր Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ: Համաժողովի օրակարգում էին ՏԻՄ համակարգի հետ կապված ամենաարդիական խնդիրները, որորնք քննարկվեցին ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3600