«Անուշ Սեդրակյանի որպես նախագահի թեկնածու առաջադրման հարցը քննարկման փուլում է»…
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում դեռ քննարկում են, թե իրենց շարքերից հատկապես ում կարելի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել որպես թեկնածու: Մամուլում հաճախ է շրջանառվում կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի անունը: Եթե կուսակցությունը վերջնական որոշում կայացնի կին թեկնածու առաջադրելու վերաբերյալ, ապա սա Հայաստանի պատմության մեջ կլինի առաջին դեպքը, երբ քաղաքական ուժը նախագահական ընտրություններին մասնակցում է կին թեկնածուով:
Նշենք, որ նման դեպք կարող էր արձանագրվել, եթե ժամանակին՝ նախագահական ընտրություններին առաջադրված սոցիոլոգիայի դոկտոր-պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը չհաներ իր թեկնածությունը՝ այդպես էլ չգրանցվելով որպես նախագահի թեկնածու:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Անուշ Սեդրակյանը չբացառեց, որ հենց ինքը կարող է լինել «Ազատ դեմոկրատներ»-ի թեկնածուն:
«Կուսակցությունն իր բնույթով ու արտահայտությամբ լինելով լիբերալ ուժ, որը ուզում է համախմբել նաև ամբողջ լիբերալ դաշտը, անպայման պետք է քննարկեր կին թեկնածու առաջադրելու հարցը»,-ասաց Ա. Սեդրակյանը:
Նրա խոսքով, կանայք գրեթե բոլոր ոլորտներում փաստացի, բոլոր պարամետրերով հաստատել են իրենց պրոֆեսիոնալ կոմպետենտությունը:
«Նրանք արժանի են, որ գոնե քննարկվի կին թեկնածու ունենալու հարցը: Ասեմ, որ մեր կուսակցությունում այս հարցը քննարկման փուլում է, որևէ վերջնական որոշում չկա: Խոստանում ենք, որ ցանկացած որոշման դեպքում անմիջապես կհանրայնացնենք»,-ասաց պոտենցիալ թեկնածուն:
Նշենք, որ Անուշ Սեդրակյանը միաժամանակ ԵՊՀ դասախոս է, դոցենտ, լսարանին հայտնի է նաև որպես քաղաքական վերլուծաբան: Այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համամասնական ցուցակում` 11-րդ հորիզոնական:
«Տղամարդակենտրոն հասարակությունը կարո՞ղ է արդյոք հանդուրժել կին նախագահի», – արձագանքելով այս հարցին Անուշ Սեդրակյանը նկատում է.
«Միգուցե ինչ-որ տեղ, մտածողության հեռուներում այն տղամարդակենտրոն է, բայց գործառույթի մեջ այն տղամարդակենտրոն չէ, քանի որ հայ կանանց ուսերին պատասխանատվության հիմնարար բեռն է, իսկ ով ունի պատասխանատվություն` նա, բնականաբար, պետք է ունենա նաեւ հավասար իրավունքներ»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Դավթյանը, ով քաղաքական զարգացումների թեմայով բանավիճելու էր եկել Անուշ Սեդրակյանի հետ, ասաց, որ խիստ դրական է վերաբերում կին թեկնածու ունենալու գաղափարին:
«Անկախ ամեն ինչից, կարծում եմ, լավ ժեստ կլինի ուղղված ողջ քաղաքական դաշտին, սա բոլորովին այլ խոսք է, և դա դրական ազդեցություն կունենա նախագահական ընտրությունների մթնոլորտի վրա»:
Ներկայացնելով իրենց դիտարկումները ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ բանախոսները համաձայնվեցին, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նախաձեռնած կոնսուլտացիաները դրական երեւույթ են, սակայն` հասարակությունը արդյունք է ակնկալում: Հանրապետական պատգամավորը վերապահումով է այդ կոնսուլտացիաներին, իսկ «Ազատ Դեմոկրատների» ներկայացուցչի կարծիքով էլ` դրանք առնվազն 4-5 տարի առաջ պետք է սկսված լինեին:
Անուշ Սեդրակյանը մտահոգություն հայտնեց քաղաքական հիմնական վեկտորի կապակցությամբ. «Թե մամուլը, թե քննարկումները ընթանում են միայն մի ուղղությամբ, դա երեք նախագահների եռանկյունին է և այն ներքին պայմանավորվածությունները, որ կարող են կայանալ նախագահների ու թեկնածուների միջև: Ինձ համար խիստ մտահոգիչ է, որ նախընտրական մեկնարկն արդեն կա, եթե ոչ օֆիցիալ, ապա գոնե ֆորմալ, և այդ մեկնարկի մեջ բացարձակ դուրս են մղվում Հայաստանի իրական մարտահրավերները»:
Ա. Սեդրակյանը ցանկություն հայտնեց, որ թեկնածուների անձնավորումն ավարտվի և սկսվի քաղաքական ծրագրերի ու գործառույթների քննարկումը, հատկապես դա կարեւոր է ընդիմության համար: Իր կարծիքով, իշխանափոխությունը չի կարող միավորող գաղափար հանդիսանալ.
«Գաղափարական ծրագիրը կամ ընդդիմադիր ծրագիրը չի կարող լինել պայքար՝ մեկ մարդու դեմ, ռեժիմի դեմ կամ խունտայի դեմ: Մեզ մոտ հաստատապես խունտա չի, մեզ մոտ շատ մեծ թերացումներով գործող պետական ինստիտուտներ են, եւ ընդդիմությունը պետք է բարձրաձայնի այդ թերացումը եւ դրանց փոխելու մեխանիզմը: Բայց մեզ թվում է՝ ընդդիմությունը, որը գալիս է, նա պատրաստվում է վերարտադրվել՝ իբրեւ իշխանություն այլ անձանց կերպով, այլապես ծրագրի հարցն ավելի սուր կդրվեր»:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3216