«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

Սիրիահայ Հասմիկ Հնջյանը երկու տարի առաջ  չէր էլ  կարող  պատկերացնել, թե ճակատագիրն իր  ընտանիքի  համար ինչ էր կանխատեսել…

 

2012 թվականին Հորդանանի  պարային  համույթը, որի պարուսույցն ու ղեկավարը Հասմիկի ամուսինն էր, հյուրախաղերով եկավ Հայաստան:  Հայրենիքը տեսնելու ցանկությունից  դրդված Հասմիկը երկու դստրերի հետ  ցանկացավ  միանալ  ամուսնուն:  Հայրենիքում  օրերը թռչում էին աննկատ, Երևանում զբոսնելիս  մտածում էին, որ  Սիրիա վերադառնալուց  հետո որքան  բան  ունեն  պատմելու բարեկամներին ու դրացիներին: Նրանք չէին կարող անգամ  պատկերացնել, որ հետդարձի ճամփան փակ է իրենց  համար: Սիրիայում  ընթացող  պատերազմը գլխիվայր փոխեց  ընտանիքի  ճակատագիրը:

 

«Հալեպում  ծնվել մեծացել ենք, հարմարվել  էինք  կյանքին, ապրելակերպին, երկրի  նիստ ու կացին,  օրենքներին, հիանալի  հարաբերությունների մեջ էինք  դրացիների հետ, որոնց  թվում  քիչ չէին  արաբները: Դժվար էր  անսպասելիորեն  թողնել այդ ամենն ու սկսել  նոր կյանք մեկ այլ միջավայրում, թեկուզ  եւ հայրենիքում», -պատմում է Հասմիկը: Նրա ամուսինը  պարտադրված էր  պարային  համույթի հետ վերադառնալ Հորդանան, իսկ Հասմիկն ու երեխաները  մնացին Հայաստանում:

 

Անորոշության մեջ հայտնված   Հասմիկի ընտանիքին  բարեկամները օգնության  ձեռք մեկնեցին: Մի  որոշ ժամանակ  ապրեցին  մորաքրոջ  տղայի  տանը,  սակայն բարեկամներն առանց իրենց էլ նեղության մեջ էին ապրում,  ուստի չցանկանալով  չարաշահել նրանց   մեծահոգությունը, նա  Հայաստան  վերադարձած ամուսնու  հետ միասին  որոշեցին ինչ-որ բան  ձեռնարկել: Հարկավոր էր լուծել  բնակարանի և երեխաների ուսման հարցերը:

 

Երևանի կենտրոնական  թաղամասերից  մեկում  բնակարան  վարձեցին, իսկ Սփյուռքի նախարարության  աջակցությամբ երեխաները  կիսատ թողած ուսումը  շարունակեցին դպրոցում: Այսօր արդեն ավագ դուստրը սովորում է բժշկական  համալսարանի 1-ին  կուրսում և միաժամանակ աշխատում է «Երևան  Մոլ»  սուպերմարկետում, իսկ  կրտսերը`  Հակոբ Կոջոյանի անվան  գեղարվեստի դպրոցի սան է:

 

Որոշ ժամանակ անց Հասմիկի  ընտանքին հաջողվեց  Հայաստանում ստանալ մշտական  կացության  կարգավիճակ: «Ոմանք փախստականի  կարգավիճակով ու նաև ավելի լավ ապրելու հույսով  մեկնեցին այլ երկրներ,  սակայն  մենք  մնացինք  հայրենիքում, որովհետև այստեղ  մենք  մեզ փախստական  չենք  զգացել, հայրենիքը մեզ  համար  հարազատ  օջախ է: Թեև  հասկանում եմ, որ մարդիկ, այդ  թվում  նաև  հայաստանցիները հեռանում են  հայրենիքից  աշխատանքի բացակայության  պատճառով, սակայն որքան էլ  դժվար է աշխատանքի  հարցը,  մենք ցանկանում ենք  կայանալ այստեղ ու մեր երեխաների ապագան տեսնում ենք Հայաստանում: Ուր էլ  գնայինք,  մեզ ավելի ապահով չէինք զգա, քան հայրենիքում»,-ասում է Հասմիկը:

 

Մի  շարք  լեզուներին /հայերեն,  անգլերեն,  արաբերեն,  թուրքերեն/   գերազանց  տիրապետող  Հասմիկը 18 տարի շարունակ  դասավանդել է Հալեպի դպրոցներից  մեկում, սակայն  այստեղ նույն մասնագիտությամբ  աշխատելու մասին խոսք  լինել  չի  կարող, քանի որ ծանոթներից  տեղյակ է մանկավարժի ցածր աշխատավարձի մասին:

 

Իսկ անգործ մնալն ու  տնային  տնտեսուհու կարգավիճակի  հետ համակերպվել Հասմիկը  չի  կարող, ապրել է  պետք, երևանյան թանկ պայմաններում, այն էլ՝ վարձով բնակարանով / որի 6 ամսվա  վարձը հոգացել է սիրիահայերին աջակցող  բարեգործական  կազմակերպությունը/ և առանց աշխատանքի,  հնարավոր չէր գոյատեւել: Ճիշտ է, ամուսինը ոսկու շուկայում աշխատանք է  գտել, ու թեև  ամսվա միայն  4 օրն է աշխատում, սակայն մասնագիտությունից  դուրս գործ անելու անհաջող  փորձից  չի ընկճվում:  Ինչ վերաբերում է Հասմիկին, ապա  նրան  օգնեց դեռ  մանկուց  ունեցած խոհանոցի հանդեպ սերն ու տարիների ընթացքում կուտակած վարպետությունը: Ասում է, արևելյան  խոհանոցի հարուստ տեսականին, սիրիահայ  տիկնանց պատրաստած թխվածքների  բույրն ու համը հայաստանցիներին  վաղուց է  ծանոթ և միշտ էլ  մեծ պահանջարկ են  վայելում:

 

Հասմիկի համոզմամբ թխվածքի յուրահատուկ համի  գաղտնիքը  համեմունքների առատության  մեջ է,  սակայն  համեմունքների հետ մեկտեղ դրանց մեջ,  ինչպես  ասում է  Հասմիկը, շունչ ու հոգի է  դրված:  Նախկինում միայն  ընտանիքի  և հյուրընկալության  համար  թխվածք պատրաստող  տնտեսուհին  այսօր  պատրաստում  է  դրանք  նաև  վաճառքի համար: Ամուսնուն  ինչ-որ կերպ աջակցելու համար անհատական  պատվերներ է  ընդունում, թեև  նրա համոզմամբ թխվածքի  գործն այստեղ այդքան  էլ արդարացված չէ,  քանի որ բնամթերքը թանկ է, ուստի արտադրանքը  նույնպես թանկ է գնահատվում,  ինչը ոչ բոլորի գրպանին է  հարմար:

 

« Ես  ու ամուսինս լավատես ենք,   հույսներս  չենք  կտրում, համբերություն ունենք, բայց  մեկ այլ գործ   ձեռնարկելու համար գումար է  հարկավոր: Կարևորն այն է, որ ապրում ենք  խաղաղ պայմաններում: Անկեղծ եմ ասում, դա ամենակարևորն է»,- իր պատմությունն այսպես է ավարտում Հասմիկը:

 

Անուշ Ներսիսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

 

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

 

Դիտումների քանակը` 4447

Գլխավոր էջ