«Այստեղ բոլորն էլ իրենց մի մեծ ընտանիքի անդամ են զգում…»
Վերագտնված ժպիտների ու մանկության հուշերի ամառը Փամբակում
Օգոստոսյան շոգ օրերին Սիրիայից, Իրաքից և ԼՂՀ Թալիշ գյուղից տեղահանված թվով 46 երեխաներ հնարավորություն ստացան երկու շաբաթով իրենց հանգիստն անցկացնել Լոռու մարզի Փամբակ գյուղի Արամյան ճամբարում: Այդ օրերին տեսնել էր պետք երեխաների երջանիկ ժպիտը, միմյանց հանդեպ ցուցաբերվող ջերմությունն ու հոգատարությունը, որոնցով այնքան հագեցած են մանկության հուշերը, հուշեր, որոնք խաթարվել էին նրանց ծննդավայրում`Հալեպում, Բաղդադում, Թալիշում…
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ), «Սեյվ դը չիլդրըն» / SAVE THE CHILDREN/ հայաստանյան ներկայացչությունների և Վանաձորի ԵՄՔԱ-ի /Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա/ նախաձեռնությունն ուղղված էր ոչ միայն պատերազմից տեղահանված երեխաների ամառային լիարժեք հանգստի կազմակերպմանը, այլև նոր միջավայրում նրանց ինտեգրմանը:
ՄԱԿ ՓԳՀ հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ թեև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից պարբերաբար իրականացվում են Սիչայից տեղահանաված անձանց աջակցության ծրագրեր, այնուհանդերձ երեխաների օժանդակության գործում շատ են կարևորում ճամբարային հանգստի ծրագրերը, ինչն էլ այս տարի հնարավոր եղավ իրականացնել «Սեյվ դը չիլդրըն» և Վանաձորի ԵՄՔԱ կազմակերպությունների հետ համատեղ:
– ՄԱԿ ՓԳՀ-ն սիրիահայերի աջակցության բազում ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել: Սիրիայից ժամանած կարիքավոր ընտանիքների երեխաների կրթության, ակտիվ հանգստի ու զվարճանքի կազմակերպման հարցում մեծ դեր է խաղում նաև ճամբարային ծրագիրը: Ցավոք, այս տարի Սիրիայից տեղահանվածներից բացի մենք ունեինք նաև Իրաքից և Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղից տեղահանված ընտանիքներ, որոնց երեխաների մանկությունը նույնպես խաթարվել է պատերազմի հետևանքով: Ճամբարային այս ներդաշնակ ծրագիրը, որն իրագործում ենք մեր գործընկերների հետ, օգնում է այս երեխաներին տիրապետել իրենց համար նոր միջավայրում անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, ձերբազատվել կաշկանդվածությունից և բարդույթներից:
Անահիտ Հայրապետյանի խոսքով, սարսափելի է, երբ հանգամանքների բերումով երեխան զրկվում է մանկությունից, իր համար նվիրյալ հուշերից՝ ծնողների հետ միասին կրելով կյանքի դժվարությունները: Եվ որպեսզի այդ երեխաները չհամարվեն «կորած սերունդ», շատ կարևոր է մեկտեղել նրանց մեկ հարկի տակ, ժամանցի և հանգստի անհոգ միջավայրում և անպայման գեղատեսիլ բնության գրկում: Այդ հիանալի միջավայրը նրանց միմյանց ծանոթանալու, միջմշակութային փոխանակման հնարավորություն է ընձեռում: Ամառային ճամբարում հասակակիցների հետ ամենօրյա շփումը իմաստալից է դարձնում նրանց առօրյան, յուրաքանչյուրին տալիս է ազատ խոսելու, արտահայտվելու, միասին ուրախանալու և երազելու հնարավորություն:
Թեև 2010 թվականից ի վեր ամառայնին ճամբարների կազմակերպումը եղել է նաև «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպության գործունեության անբաժանելի մասը, սակայն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության Սիրիայից տեղահանված անձանց աջակցության ծրագրերի ղեկավար Սիրանուշ Վարդանյանի խոսքով, այս ընդգրկել են նաև Իրաքից և Թալիշից տեղահանված ընտանիքների երեխաների:
– Մեր կազմակերպության համար դժվար չէ հավաքագրել երեխաներին, քանի որ ծանոթ էինք Սիրիայից տեղահանված ընտանիքներին ու նրանց սոցիալական պայմաններին, և նրանց երեխաների ամառային հանգիստը մշտապես կազմակերպել ենք ճամբարում: Ինչ վերաբերում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում տեղակայված Իրաքից տեղահանված ընտանիքների երեխաներին, ապա նրանք արդեն ինտեգրվել էին հայկական մշակույթին: Փոքր-ինչ այլ էր Թալիշից տեղահանված ընտանիքների խնդիրը: Նրանք դեռևս գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում, և դժվարանում էին ընդունել իրենց երեխաների հանգիստը ճամբարում անցկացնելու մեր առաջարկը: Բայց հիմա մեր ֆեյսբուքյան էջում տեղակայված ճամբարի առօրյան պատկերող լուսանկարներից համոզվում են, որ մտահոգությունն անտեղի է», – պատմում է տիկին Վարդանյանը:
Իսկ ծնողների համար ուրիշ ինչ է հարկավոր, քան տեսնել զավակների ժպտացող աչքերը, ամենօրյա խաղերից, արշավներից, երգ ու պարից շառագունած դեմքերը: Շենքային և տեղանքի հիանալի հարմարությունները հնարավորություն են տալիս իրականացնել տարբեր տիպի ծրագրեր: Ճամբարն ունի դասընթացների համար նախատեսված սենյակ, կոկիկ կահավորված ննջասենյակներ, տաք և սառը ջրով սանհանգույցներ, հարուստ ճաշացանկով ճաշարան և խոհանոց:
Տարիքային տարբեր խմբերի տղաների ու աղջիկների հետ տարվող աշխատանքերին անմասն չէ նաև Արամյան ճամբարի տնօրեն Կարինե Բոյաջյանը, ում երեխաները սիրով Կարիկ ջան են անվանում:
– Ես նրանց համար ամեն ինչ եմ` քեռի, տատիկ, պապիկ, ընկեր, մի խոսքով ամեն ինչ: Այստեղ միտումն այնպիսին է, որ բոլորը քույրեր ու եղբայրներ են, ոչ թե լիդերներ ու ճամբարականներ: Բոլորն էլ իրենց մի մեծ ընտանիքի անդամ են զգում: Ինձ համար դժվար չէ տարբեր սովորույթներ, մշակույթներ ու խոհանոց ունեցող երեխաների համար պատրաստել նրանց քիմքին համապատասխան ուտեստներ: Թեև նրանցից շատերը չգիտեն ինչ է հնդկաձավարը, հաճարը, սակայն կարողացել եմ գտնել ոսկե միջինը, որպեսզի բոլորն էլ գոհ մնան: Նրանք հաճույքով են ճաշակում իմ պատրաստած հարիսան:
Ճամբարականների հետ հանդիպեցինք բացատում: ՄԱԿ ՓԳՀ-ի և «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպությունների նվիրած գլխարկներն ու շապիկներն էլ ավելի բարձրացրին նրանց տրամադրությունը: Սկսվեցին խմբակային պարապմունքները: Տղաների մի խումբ վրան էր ամրացնում, մեկ այլ խումբ քննարկում էր անցկացնում, մի մասը երգում էր, մյուսները պարում էին: Բոլորն ինչ որ բանով զբաղված էին:
Նուբար Նալբանդյան. «Հավասարապես սիրում եմ բոլորին»
Կամավոր ջոկատավար, սիրիահայ Նուբար Նալբանդյանի համոզմաբ ճամբարում անհնար է պարապ մնալ, միմյանց հաջորդող խաղերը, արշավները, որևէ հետաքրքիր թեմայի շուրջ բանավեճն ու զանազան գիտելիքների յուրացումը սպառում են ողջ ժամանակը: Սիրում է երեխաների հետ աշխատել, խաղալ, զրուցել, ստացած գիտելիքները փոխանցել նրանց: Ավարտելով Հալեպի վարժարաններից մեկն ու միաժամանակ հրատարակելով «Մթնշաղի աստղեր» բանաստեղծությունների անդրանիկ գիրքը, Նուբարը 2015 թ. ընտանիքով տեղափոխվեց Հայաստան: Տիրապետում է անգլերեն, թուրքերեն, արաբերեն լեզուների, իսկ արևմտահայերենի հետ մետեղ ցանկանում է սովորել նաև արևելահայերենը, թեև գտնում է, որ դրանց շփոթելու հավանականությունը մեծ է:
«Տարբեր երկրների մշակույթներ կրող, սակայն նույն ազգի երեխաների համախմբումը նորություն էր ինձ համար, առաջին երկու օրերին մի քիչ կաշկանդվածություն կար մեր միջև, սակայն աստիճանաբար անցավ, բայց արդեն հավասարապես սիրում եմ բոլորին, հիմա հասկանում ենք միմյանց»,- պատմում է Նուբարը:
Լուիս -Մադլեն . «Քո իրական հայրենիքի հողի վրա ես քայլում, դրանից լավ բան չկա»
Հալեպաբնակ Լուիս -Մադլեն Բոսնոյանը արդեն մեկ տարի 2 ամիս է, ինչ տեղափոխվել է Հայաստան, ճամբարի մասին տղեկացել է «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպությունից: «Հրաշալի է, երբ ամռան տապին հնարավորություն ես ունենում կտրվել շրջապատից և հանգստանալ բնության գրկում, իսկ հետո դպրոց ես գնում նոր տրամադրությամբ ու նոր եռանդով: Այստեղ լավ է, ես հիանալի ընկերներ ձեռք բերեցի: Կարծում եմ, ճամբարը մարդկանց և քեզ ճանաչելու լավագույն միջոցն է, չէ որ ամեն օր միասին ճաշում, հանգստանում ենք, խաղում, արշավների գնում, պարում ու երգում ենք, ճանաչում ենք միմյանց, դարձել ենք մի մեծ ընտանիքի անդամ: Շուտով հրաժեշտ կտանք միմյանց, բայց հիշելու ենք այստեղ անցկացված օրերը: Այստեղ լավ բաներ սովորեցի, երգեր, խաղեր, գիտելիքներ, տեղեկացա Լեռնային Ղարաբաղի պատմությանը, նրա բարբառին»:
Լուիս –Մադլենը փոքր հասակից հաճախել է դաշնամուրի դասերի, սակայն Հայաստանում այլ հետաքրքրություններ է ձեռք բերել: Հաճախում է Թումո ստեղծագործական կենտրոն, որոշել է դառնալ ծրագրավորող: Ու թեև տիրապետում է հայերեն, անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներին, փորձում է սովորել նաև ռուսերեն: Երբեմն կարոտում է ծննդավայրը, սակայն գերադասում է հայրենիքը: «Այստեղ լավ է, փողոցների անունները հայերեն են, ամենուր լսում ես հայերեն, քո իրական հայրենիքի հողի վրա ես քայլում, դրանից լավ բան չկա»,- համոզված է Լուիս-Մադլենը:
Էրիկ. «Այստեղ բնությունը գեղեցիկ է, բայց մեր գյուղինն ուրիշ է»
Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշից տեղահանված Էրիկ Սարգսյանը ծնողների և 4 քույրերի հետ ապրում է Չարենցավանում, բարեկամի տանը: Հիշում է, թե ապրիլի 2-ին ռմբակոծվող գյուղի իրենց տան խորդանոցում ինչպես էին պատսպարվել ընտանիքով, թե ինչպես զինվորական եղբոր հորդորով հաջորդ օրը լքեցին գյուղն ու եկան Հայաստան: Սիրում է ֆուտբոլը, թեև սպորտով չի զբաղվում: Արշավներին ու խաղերին սիրով է մասնակցում: Մեր զրույցի պահին զբաղված էր ընկերների հետ վրան հավաքելով: «Երբեք վրան չեմ հավաքել, անգամ առիթ չի եղել տեսնել այն, ուր մնաց թե վրանում քնեմ, բայց շատ հետաքրքիր է, երբ խելք-խելքի տալով ու միմյանց օգնելով տեղադրում ենք վրանը: Հիանալի ընկերներ եմ ձեռք բերել, այս ընթացքում բավականին բան սովորեցի: Ճիշտ է, այստեղ բնությունը գեղեցիկ է, բայց մեր գյուղինն ուրիշ է»,- ասում է Էրիկը:
Մինաս. «Սերն ու հարգանքը փոխադարձ է, այլ կերպ չի լինում»
19 –ամյա Մինաս Օֆրիկը Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2003 թվականին, երբ այնտեղ նոր էր սկսվել պատերազմը: Իրենց բախտակից իրաքահայ և սիրիահայ ընտանիքների հետ ապրում է Մասիսի շրջանի Դարբնիկ գյուղում: Արամյան ճամբարում ամառային հանգիստն անցկացնում է երկվորյակ քրոջ՝ Մարալի հետ: Մինասը 12-14 տարեկան ճամբարականների խմբի ջոկատավարն է: Սիրում է նրանց հետ խաղալ, զրուցել հետաքրքիր թեմաների շուրջ, սիրում է պարել, քրոջ հետ մի որոշ ժամանակ հաճախել է պարի խմբի պարապմունքների: Մինչ այստեղ գալը Մինասը հանգստանում էր մեկ այլ ճամբարում:«Այնտեղ աշխատանքի բավականին փորձ ձեռք բերեցի, իսկ այս ճամբարում արդեն դժվարություններ չկան, սիրում եմ երեխաներին, նրանց վերաբերվում եմ ընկերոջ պես, եթե կոպիտ լինես, քեզ չեն սիրի: Սերն ու հարգանքը փոխադարձ է, այլ կերպ չի լինում»: Ճամբարից հետո Մինասը որոշել է աշխատել, Երևանում իրեն հատկացված տարածքում կբացի ակումբ, որտեղ Իրաքից և Սիրիայից տեղահանված պատանիների ու աղջիկների համար կկազմակերպվեն հավաքույթներ, քննարկումներ, կնշվեն ծծդյան տարելիցներ: Մինասի համոզմամբ կարևորն այն է, որ աշխատանքը և կրթությունը շարունակելու հնարավություն ունենա ու ապրի Հայաստանում: «Ես հայրենիք ունեմ, էլ ինչու պետք է ուրիշ տեղ գնամ», – ասում է Միանսը:
Սերլի. «Պետք է յուրացնեմ նաև իմ հայրենակիցների խոսակցական լեզուն»
Սերլի Քեշիշյանի ընտանիքը Սիրիայից դուրս է եկել 5 տարի առաջ: Կարճ ժամանակ Հայաստանում ապրելուց և հայկական անձնագրեր ստանալուց հետո մեկնել է Հոլանդիա ու 2 ամիս է, ինչ կրկին վերադարձել է Հայաստան: «Ինձ համար փոքր-ինչ դժվար է արևելահայերենը, թեև լավ տիրապետում եմ արաբերեն, անգլերեն, թուրքերեն և հոլանդերեն լեզուներին, սակայն պետք է յուրացնեմ նաև իմ հայրենակիցների խոսակցական լեզուն: Այդ հնարավորությունն ինձ տալիս է ճամբարը: Կազմակերպիչների հետ զրուցելիս ուշադիր լսում եմ նրանց գրական հայերենը և փորձում մտապահել», – ասում է Սերլին: Նա շուտ մտերմացողներից չէ, թեև համոզված է նաև, որ ընկերությունը ինքնին է ստացվում, ու հանկարծ նկատում ես, որ դարձել եք մտերիմներ:
Արամ. «Չես էլ նկատում, թե օրերն ինչպես են թռչում…»
Արամ Սարգսյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքի հետ Բաղդադից տեղափոխվեց Հայաստան և այսօր ապրում է Դարբնիկ գյուղում: Իրաքում ապրած չորսամյա մանկությունից ոչինչ չի հիշում: Հայաստանն իր հայրենիքն է, այստեղ են իր ընկերները, այստեղ կրթություն կստանա ու կապրի: Առաջին անգամ է , որ ամառային հանգիստն անցկացնում է ճամբարում: «Այստեղ այնքան հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, որ չես էլ նկատում, թե օրերն ինչպես են թռչում: Հիանալի ընկերներ ունեմ, ղեկավարները նույնպես հրաշալի մարդիկ են, նրանց հետ շփումն ինձ համար դպրոց է: Աշխատում եմ յուրացնել ծառին փակցրած տախտակի վրա գրված բառերի իմաստը, որոնք մատնանշում են մարդկային լավագույն որակները»,- ասում է Արամը:
Իսկ բացատում` վեր խոյացող հաստաբուն ծառի վրա փակցված տախտակի վրա նշված էին ճամբարականներին համախմբող մարդկային բնավորության որակները` ազնվություն, պատասխանատվություն, հարգանք, հոգատարություն, որոնք կազմում եմ իրական ընկերության հիմքը և այնքան անհրաժեշտ են ճամբարային կյանքի համար:
Կենսուրախ ու անհոգ երկշաբաթյա ճամբարային կյանքին հրաժեշտ տալիս խարույկի շուրջ բոլորած ճամբարականները համոզված էին, որ հաջորդ տարի հանդիպելու են նույն ճամբարում, և որ նորաստեղծ ընկերությունն ու մտերմությունն իրենց արմատներն ավելի խորն են ձգելու, հաստատելու այստեղ կերտված մարդկային որակների ճշմարտացիությունը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3598