«Այլասերված» Արեւմուտքը եւ «բարոյական» Ռուսաստանը. «մաքսային» հովերը «գենդերային» խնդրում

Գենդերային   խնդիրների   շուրջ բարձրացված աղմուկի  վերաբերյալ իր մտորումներով է  կիսվում  «Առավոտ» օրաթերթի  խմբագիր Արամ Աբրահամյանը: 

 

 

… Եթե մեկը հետեւի վերջին օրերի լրահոսին, ապա կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանի ամենակարեւոր խնդիրն այն է, որ մեր երկրում կան տղամարդիկ եւ կանայք, որոնք գերադասում են ապրել ոչ թե հակառակ, այս սեփական սեռի ներկայացուցիչների հետ: Համենայն դեպս, մեր «ազգային գործիչներն» այս առիթով որոշեցին փրկել մեր ինքնությունը, բարոյականությունն ու ընտանիքը:

 

 

Որոշ փաստեր վկայում են, որ ակտիվացած «հակամիասեռական» խոսակցությունները որոշակի կապ ունեն Հյուսիսից փչող քամիների ուժգնության հետ: Մոտ մեկ ամիս առաջ սեպտեմբերի 19-ին Վալդայում կայացած ֆորումի ժամանակ Վլադիմիր Պուտինը անհանգստացավ Արեւմուտքի այլասերվածության պատճառով: «Մերժվում են բարոյական սկզբունքները եւ ցանկացած ավանդական ինքնություն՝ ազգային, մշակութային, կրոնական եւ նույնիսկ սեռական», – նշել է ՌԴ նախագահը:

 

 

Ասել, որ նման խնդիրներ Արեւմուտքում ընդհանրապես գոյություն չունեն, իհարկե, անարդար կլիներ: Բայց սա հենց այն դեպքն է, երբ պետք է նկատել սեփական աչքի գերանը. մարդկային եւ քաղաքացիական ինքնությունն ավելի արագ է վերանում կոռումպացված եւ բռնապետական ռեժիմների ժամանակ՝ փոքր եւ մեծ «նաչալնիկների» ամենաթողության պայմաններում: Իր ելույթի այս մասը Պուտինն ավարտել է հետեւյալ կատակով. «Բերլուսկոնիին դատում են այն պատճառով, որ նա կանանց հետ է ապրում. եթե նա միասեռական լիներ, նրան ոչ ոք մատով ձեռք չէր տա»: Թեեւ կատակ է, բայց՝ նաեւ իրականության զգալի խեղաթյուրում. Բերլոսկոնիին դատապարտել են մեքենայության համար, իսկ մեղադրում էին ոչ թե կանանց հետ ապրելու, այլ անչափահաս աղջիկների հետ սեռական կապեր ունենալու համար:

 

 

Մի խոսքով, ակնհայտ է ցանկությունը՝ սեփական երկրի տնտեսական լրջագույն խնդիրները եւ Արեւմուտքի հետ համեմատած տեխնոլոգիական հետամնացությունը փոխհատուցել «գաղափարախոսական-հոգեւոր-բարոյական» զրույցներով: Եվ ահա Հայաստանում մի շարք իշխանամետ գործիչներ, մտավորականներ եւ հոգեւորականներ, այդ հյուսիսային հովերով տարված, ցանկանում են, հավանաբար, ապացուցել, որ, ի տարբերություն «այլասերված» Եվրոպայի, Մաքսային միությունը բարձր բարոյականության եւ հոգեւոր արժեքների ծաղկման վայր է: Այդ նպատակով նրանք մոգոնեցին ինչ-որ «գենդերային» խնդիր՝ թե իբր «փչացած» Արեւմուտքը, «ուժային կենտրոնները», «մասոնական օթյակները» ուզում են մեզ ստիպել, որ մենք ընդունենք միասեռականությունը խրախուսող օրենքներ: (Արեւմուտքը, հավանաբար, ուրիշ դարդուցավ չունի):

 

 

Քանի որ այդ հեքիաթը կրկնում են մարդիկ, որոնց ինտելեկտի վրա ես չեմ կասկածում, հակված եմ ենթադրել, որ Ռուսաստանը նրանց ինչ-որ ձեւով շահագրգռել է: Հիշեցնեմ, որ ԵՄ ակտիվ անդամ Լեհաստանի Սահմանադրության մեջ գրված է՝ ամուսնությունը կարող է գրանցվել միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, եւ որեւէ մեկը չի պատրաստվում լեհերին ստիպել, որ նրանք այդ նորմը փոխեն: Մեզ էլ դա բացարձակապես չի սպառնում:

 

 

Արամ Աբրահամյանի  խմբագրական  հոդվածը ամբողջությամբ  կարող եք կարդալ  «Առավոտի» կայքէջում: 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

 

Դիտումների քանակը` 3230

Գլխավոր էջ