«Ամենակարևորը, որ մեր բոլոր երեխաները միշտ լինեն առողջ ու երջանիկ» / տեսահոլովակ
Այս խոսքերով դիմեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման մասնակիցներին հիմնադրամի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Միջոցառմանը , որը կազմակերպվել էր Երեխաների պաշտպանության օրվա առիթով, հրավիրված էին բոլոր այն բարերարները, ում աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել պայքարել մանկական քաղցկեղի դեմ և ովքեր հիմնադրամի ստեղծման օրվանից աջակցել են քաղցկեղով ու լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը. միայն այս տարվա ընթացքում «Նվիրիր կյանքը» օգնել է 132 երեխայի, նրանց բուժման համար տրամադրվել է 278 մլն 763 հազար դրամ:
Դահլիճում էին նաև փոքրիկները, ում համար էր կազմակերպվել էր այս գեղեցիկ տոնը: Նրանք, ովքեր հաղթահարել են այդ ծանր հիվանդությունը կամ դեռևս գտնվում են բուժման ընթացքում:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հիմնադրամի ձոներգի՝ «Արև ենք միասին» տեսահոլովակի շնորհանդեսը:
«Կարևոր չէ, երեխան չարաճճի է, թե գերազանցիկ, խոսում է երեք օտար լեզուներով, թե տառասխալներով է գրում: Կարևոր է այն, որ նրանք միշտ լինեն առողջ»,- տեսահոլովակի շնորհանդեսից հետո ասաց տիկին Ռիտա Սարգսյանը:
Նրա խոսքով տեսահոլովակը մի երեխայի պատմություն է` տխուր, բայց երջանիկ ավարտով պատմություն, որն անտարբեր չի թողնում և ոչ մեկին: «Այնպիսի տպավորություն է, որ, դիտելով տեսահոլովակը, ավելի բարիացա: Թող բոլոր պատմություններն էլ ունենան նման բարի և երջանիկ ավարտ»,- ասաց նա:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել ու շարունակում են աջակցել հիմնադրամին : «Ես համարձակորեն ուզում եմ ասել, որ միասին հրաշք ենք ստեղծում»,- չկարողանալով հուզմունքը թաքցնել` ընդգծեց առաջին տիկինը:
Նշենք, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2009թ-ին: Հիմնադրամի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երեխաներին: Այն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդությամբ տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Աղբյուրը՝ Panorama.am
Դիտեք նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին նվիրված «Արև ենք միասին» երգի տեսահոլովակը :
Նշենք, որ «Հույս նավակ» երգի երաժշտության հեղինակն՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը: Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են հայկական մշակութային հանրահայտ գործիչներ, էստրադայի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Դիտումների քանակը` 4767